Գրադարանս բերե՞մ Ազգային ժողովում դնեմ․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Գեղամ Մանուկյանն իր ելույթում պատասխանեց ՔՊ պատգամավորներին: Նա Անդրանիկ Քոչարյանին կոչ արեց ավելի շատ կարդալ «Նեմեսիս» օպերացիայի մասին:
«Գրադարանս բերեմ Ազգային ժողովում դնեմ, Նեմեսիսի մասին ֆիլմերը բերենք, ցույց տանք, Նեմեսիս գործողությամբ մարդիկ չեն սպանվել, Նեմեսիս գործողությամբ գնդակահարվել են Հայոց ցեղասպանության պատսասխանատու մարդիկ, ամբողջ ցանկը կարող եք կարդալ, եթե էդքան թուրքերեն գիտեք, բոլոր թուրքերի անունները և բոլոր դավաճան հայերի անունները»,-ասաց նա։
Անդրադառնալով 30 տարի զենք չգնելու մասին ՔՊ-ի պնդումներին, Գեղամ Մանուկյանը նշեց․ «Ինչ էլ, որ առել են, դա Արթիկից Կարոյի կլուբնիկը չի եղել, կրակող է եղել, ինչ էլ որ առել են, թռնող ու խփող է եղել, ոչ թե ՍՈւ-ի պես խաղալիք»։
Իր մեկ այլ ելույթում Գեղամ Մանուկյանն արձագանքեց ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, ըստ որի՝ «Դաշնակցությունը 92-ին Երևանում ցույցեր էր անում, պահանջում էր այդ ժամանակվա իշխանության հրաժարականը»:
«Շատ դժվար է տարիքի բերումով քաղաքական կարճ կենսագրություն ունեցողին բացատրել տարիներ, տասնամյակներ առաջ տեղի ունեցածները։ Էստեղ ՔՊ խմբակցության անունից հիշեցրին 92 թվականի ամառը, որ Դաշնակցությունը ցույցեր էր անում. Դաշնակցությունը ցույցեր էր անում ու լավ էր անում, մենակ Դաշնակցությունը չէր, կողքիդ նստածներն էլ էին էդ ցույցերին։ Դաշնակցությունը մի կողմից Երևանում ցույց էր անում՝ Արցախ պաշտպանելու համար, մյուս կողմից հարյուրավոր դաշնակցականներ կռվում էին: Դաշնակցությունը ցույց էր անում, մյուս կողմից ԱԺ-ում նույն օրերին ստիպում իշխանությանը փաստաթուղթ ստորագրել, որով արգելվում էր որևէ պետական պաշտոնյայի՝ Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու մասին որևէ թուղթ ստորագրելը։ 30 տարի Կապանը ապահով էր ապրում, որ հիմա նորից Կապանը թուրքի պռունգի տակ ապրի։ Էդ ժամանակ Ներքին Հանդն էր ազատագրվում, հիմա թուրքինն է»,- ասաց նա։










