Ֆիլիպ Մորրիսի PMI Science-ը և «ՁԻՀ»-ը՝ երիտասարդ գիտնականների կողքին․ կայացավ «Գիտության շարժիչ ուժը․ նյութագիտություն» խորագրով պանելային քննարկումը

15:29 • 27.12.22

 

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ արդեն 5-րդ տարին շարունակ հնարավորություն է ընձեռնվում երիտասարդ գիտնականներին զբաղվել իրենց բուն գիտական հետազոտություններով, կարիերայով՝ առանց ֆինանսական խնդիրների մասին անհանգստանալու։

Ասպիրանտների աջակցության տարեկան ծրագիրը նպատակ ունի աջակցել երիտասարդ գիտնականներին՝ տրամադրելով օժանդակություն իրենց հետազոտական և գիտական նախագծերի համար։ Ամենամսյա աջակցության շնորհիվ երիտասարդ գիտնականները կարողանում են կենտրոնանալ իրենց հետազոտական աշխատանքի վրա՝ չմտածելով եկամուտի մասին։

Շահառուները ներգրավում են նաև ընթացիկ գիտական նորարարական նախագծերում, ինչպես նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտի փորձառու մասնագետների հետ։

 

Այդ միջոցառումների շարքում էր դեկտեմբերի 22-ին էկոհամակարգերի զարգացման ծրագրերի շարքի շրջանակներում կայացած «Գիտության շարժիչ ուժը․ նյութագիտություն» պանելային քննարկումը՝ «Ասպիրանտների աջակցության» ծրագրի տարբեր տարիների շահառուների մասնակցությամբ, որին հրավիրվել էր Վրաստանի համալսարանի բժշկական քիմիայի բաժնի ղեկավար դոկտոր Սամադ Խակսարը, ով Հայաստանում է «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում։ Պանելային քննարկման մասնակիցները ունեցան թեմատիկ ելույթներ, հարցուպատասխանի միջոցով տեղի ունեցավ  տեղեկատվության փոխանակում, առաջ քաշվեցին համագործակցության նոր հնարավորություններ։

Ֆիլիպ Մորրիսի PMI Science գիտահետազոտական կենտրոնի նորարարությունների և համագործակցությունների մենեջեր  Օֆելյա Սարգսյանի խոսքով՝ ծրագրերի այս շարքը բավականին բազմաժանր է։

«Մեր հիմնադրման առաջին օրվանից մեկնարկել ենք ծրագրերի շարք, որոնք անվանել ենք էկոհամակարգերի զարգացման ծրագրեր։ Այսօրվա քննարկմանը ներկա են  ասպիրանտական ծրագրերի աջակցություն ստացածներ, գիտահետազոտական թիմերի ներկայացուցիչներ, հրավիրյալ գիտահետազոտողներ, որոնք հրավիրվել են արտասահմանից։ Փորձելու ենք աշխատել նրանց հետ և իրենց միջազգային փորձը բերել Հայաստան։ Այսօրվա հանդիպումից և փորձի փոխանակումից փորձելու ենք ստանալ արդյունավետ սիներգիա»,- ասաց Օֆելյա Սարգսյանը։

Նրա խոսքով՝  «Ասպիրանտների աջակցության» ծրագրի նպատակն է խրախուսել այն երիտասարդ գիտնականներին, որոնք զբաղվում են ժամանակակից  խնդիրների ուսումնասիրությամբ։

«Երիտասարդ հետազոտողները պետք է ունենան ևս մեկ խթանիչ ուժ գիտության ոլորտում առաջ շարժվելու, մենք փորձում ենք նրանց տալ հենց այդ ուժը։ Ապագան մեծամասամբ կախված է հենց բնական գիտությունների զարգացումից, որոնք թեև այսօր այդքան էլ մասսայական բնույթ չեն կրում, բայց շարունակում են մնալ մեծ կորպորացիաների ուշադրության կենտրոնում։ Մեր ծրագրերը ուղղված են հենց դրան, որպեսզի մասնագետները շարունակեն մնալ այդ ոլորտում և զարգացնեն այն։ Դա դրսևորվում է ուսման վարձերի չափով աջակցության տրամադրման, տարբեր ծրագրերի ֆինանսավորման, մշակման տեսքով»,-ասաց PMI Science գիտահետազոտական կենտրոնի նորարարությունների և համագործակցությունների մենեջեր  Օֆելյա Սարգսյանը։

Ծրագրի 2021թ-ի շահառուներից Դավիթ Համբարյանը, ով ԵՊՀ ասպիրանտ է, կարևորում է երիտասարդ գիտնականներին խրախուսելուն ուղղված նմանատիպ ծրագրերը։

««Ասպիրանտների աջակցության» ծրագիրը օգնում է ավելի շատ կենտրոնանալ քո աշխատանքի վրա, այն աջակցությունը, որը ստանում ենք, ազատում է ավելորդ մտահոգություններից և օգնում է ողջ ուշադրությունը սևեռել հենց գիտական գործունեության վրա։ Գիտության զարգացումը բոլոր ժամանակներում շարունակելու է մնալ ակտուալ և այսպիսի ծրագրերը միայն խթանում են դրան»,- ասաց Դավիթ Համբարյանը։

 ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Նարինե Ամիրխանյանը, ով ծրագրի 2022 թ-ի շահառուներից է, ընդգծեց, որ այս ծրագիրը նոր ճանապարհներ կարող է բացել գիտական նոր համագործակցությունների առումով։

«Գիտության ոլորտում առաջխաղացման համար շատ եմ կարևորում երիտասարդ գիտնականների կողքին կանգնելը, նրանց խթանելը։ Ծրագրի ընթացքը նոր գաղափարներ ու նպատակներ է ստեղծում, ինչը պարտավորեցնող է, ուստի փորձում ես անել ամեն ինչ՝ այդ գաղափարը կյանքի կոչելու համար»,- ընդգծեց Նարինե Ամիրխանյանը։

PMI Science-ի աջակցությամբ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից իրականացվող գիտական ծրագրերը ընդլայնված են  և ներառում են նաև մասնագետներ և հետազոտական թիմեր արտերկրից։ Միջոցառումների այս շարքը եզակի հնարավորություն է երիտասարդ գիտնականների համար՝ հետազոտողների հետ շփման, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի գիտական համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ փորձի փոխանակման  և նոր հնարավորությունների համար։