Արարատի մարզում անհայտ անձինք մտել են բնակարան, կապել տանտիրոջ ձեռքերն ու ոտքերը և պահանջել գումար ու ոսկյա զարդեր

13:02 • 30.05.24

Մայիսի 27-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։

Պարզել են նաև, որ նույն օրը ժամը 00։05-ի սահմաններում 3 անհայտ անձ մուտք է գործել Կուրյուն Ա․-ի բնակարան, կապել նրա ձեռքերը և ոտքերը՝ դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջելով գումար և ոսկյա զարդեր, իսկ մերժում ստանալով, հափշտակել են գումար, նրա դստերը  պատկանող դյուրակիր համակարգիչն ու դիմել փախուստի:

 Դեպքի փաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ։