Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու

10:24 • 05.08.26

Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ ծայրահեղական շարժումը չի զինաթափվել: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ես ամուր կանգնած եմ մեր անվտանգային շահերի պաշտպանության դիրքերում: Մենք չենք նահանջի ներկայիս սահմանագծերից, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը ամբողջությամբ զինաթափված չէ», - հայտարարել է Նեթանյահուն: 

Նեթանյահուի խոսքով՝ Դոնալդ Թրամփը և նրա թիմը կարծում են, որ կարող են զինաթափել ՀԱՄԱՍ-ին և ապառազմականացնել Գազան:

«Մենք ուսումնասիրում ենք այդ հարցը։ Նրանք մեզ նախագիծ են ուղարկել, մենք դրա հետ համաձայն չենք, և մենք նրանց ուղարկել ենք մեր դիտողությունները», - շարունակել է իսրայելցի վարչապետը:

Նեթանյահուն հավելել է, որ Գազայի հատվածում իսրայելցի զինվորները հրաման են ստացել անելու անհրաժեշտ ամեն ինչ իրենց, Իսրայելի տարածքն ու իսրայելցի քաղաքացիներին պաշտպանելու համար:

Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանն անցյալ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափում, ներառյալ զենքի դուրսբերումը Գազայից և հատվածի ամբողջական ապառազմականացումը՝ որպես ցանկացած գործընթացի նախապայման:

Նրա խոսքով՝ քննարկվող 15 կետից բաղկացած փաստաթղթում չկա բավարար պատասխան այդ պահանջներին, և Իսրայելն իր առարկություններն այս կապակցությամբ փոխանցել է հատուկ բանագնաց Թոնի Բլերին:

Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու