Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում կմրցի շախմատի գերաստղերի հետ

22:44 • 10.11.26

Հայաստանի հավաքականի առաջատար շախմատիստներից Հայկ Մարտիրոսյանը կմասնակցի նոր ձևաչափով անցկացվող «Total Chess World Championship Tour»-ի փորձնական մրցաշարին, որը տեղի կունենա նոյեմբերի 10-ից 20-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ 650 հազար ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով հեղինակավոր ստուգատեսին հրավիրված են համաշխարհային շախմատի 24 ուժեղագույն ներկայացուցիչներ։

Կազմակերպիչների հրապարակած պաշտոնական ցուցակում Հայկ Մարտիրոսյանի կողքին են համաշխարհային դասակարգման առաջատար Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ռամեշբաբու Պրագնանանդհան, Ալիռեզա Ֆիրուջան, Յան Նեպոմնյաշչին, Ռիխարդ Ռապորտը, Շահրիյար Մամեդյարովը և էլիտար այլ գրոսմայստերներ։

Մրցաշարի մեկնարկային օրը՝ նոյեմբերի 10-ին, կանցկացվի 9 տուրից բաղկացած կայծակնային (բլից) շախմատի մրցաշարը։

Առաջին տուրում հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Աբդուսատորովը։

«Total Chess World Championship Tour»-ը նոր նախագիծ է, որը մշակվել է «Norway Chess»-ի կողմից և արժանացել ՖԻԴԵ-ի հավանությանը։ Այն մեկ հարթակում միավորում է շախմատի երեք ժամանակակարգեր՝ արագ դասական (Fast Classic), արագ (ռապիդ) և կայծակնային (բլից)։

Հավելենք, որ մրցաշարի պարտիաներին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի հետևել Chess.com-ի, «Norway Chess»-ի YouTube-յան ալիքի, ինչպես նաև DAZN հարթակի միջոցով, որն ապահովելու է հեռարձակումն ավելի քան 200 երկրներում։

Աղբյուրը`ArmSport.am