Արդա Գյուլերի տեխնիկան բառերով նկարագրել հնարավոր չէ. Պիտարչ
Մադրիդի «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Տիագո Պիտարչը պատմել է, թե «արքայական» ակումբի աստղաբույլից ովքեր են իրեն ամենից շատ տպավորում մարզումային գործընթացում։ 19-ամյա ֆուտբոլիստը, շրջանցելով Կիլիան Մբապեին և Վինիսիուս Ժունիորին, հատուկ առանձնացրել է Ջուդ Բելինգհեմին ու Արդա Գյուլերին։
«Բացառությամբ Վինիսիուսի և Մբապեի՝ կարծում եմ՝ Ջուդ Բելինգհեմն ու Արդա Գյուլերն են։ Պարզապես անհավանական է մարզումների ժամանակ հետևել Բելինգեմի գործողություններին, իսկ Գյուլերը հսկայական որակներով է օժտված»,- Պիտարչի խոսքերն է մեջբերում Bernabéu Digital-ը։
Ավելի վաղ Onda Cero ռադիոկայանի «Radioestadio Noche» հաղորդման եթերում «սերուցքայինների» ակադեմիայի սանն ավելի մանրամասն էր անդրադարձել թիմակիցների խաղային առավելություններին.
«Բելինգհեմը պարզապես հիասքանչ է. նա փայլուն աշխարհի առաջնություն անցկացրեց և մրցաշրջանն էլ բացառիկ հաջող սկսեց։ Նա այնպիսի որակներ ունի, որոնք ուրիշ ոչ մեկի մոտ չեմ տեսել։ Ինչ վերաբերում է Արդա Գյուլերին, ապա նրա տեխնիկան բառերով նկարագրել հնարավոր չէ, իսկ Էդեր Միլիտաոն և Ֆեդերիկո Վալվերդեն պարզապես խելահեղ, տպավորիչ տվյալներ ունեն»։
Երիտասարդ կիսապաշտպանը, որը վերջին շրջանում հնարավորություն է ստացել մարզվելու և հանդես գալու «Ռեալի» հիմնական թիմում, խոստովանել է, որ առաջին մարզման ժամանակ մեծ հուզմունք է ապրել՝ հայտնվելով Մբապեի և Վինիսիուսի պես համաշխարհային աստղերի կողքին։
Հավելենք, որ Պիտարչն առանձնահատուկ ջերմությամբ է խոսել նաև մադրիդյան գրանդի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի մասին։ Նրա խոսքով՝ պորտուգալացի մասնագետն առօրյայում շատ անմիջական է ֆուտբոլիստների հետ և սիրում է կատակել, սակայն աշխատանքի մեջ ու անհրաժեշտ պահերին չափազանց խիստ է ու պահանջկոտ։ 19-ամյա խաղացողն ընդգծել է, որ Մոուրինյուի վստահությունն ու իրեն գլխավոր թիմում պահելու ցանկությունը մեծ պատիվ են իր համար։













