Սևակը դժվար ժամանակաշրջանում չի կորցնում սիրո հանդեպ իր հավատը. Վարուժ Մարգարյանը՝ «Նոր տարվա կինո 2»-ում իր կերպարի մասին

18:47 • 30.10.26

Նոյեմբերի 5-ից «Նոր տարվա կինո 2» գեղարվեստական ֆիլմը կհայտնվի մեծ էկրաններին։ Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։

Tert.am Life-ը զրուցել է դերասան Վարուժ Մարգարյանի հետ, ով ֆիլմում մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ Սևակին:

«Սևակը դժվար ժամանակաշրջանում չի կորցնում սիրո հանդեպ իր հավատը: Կարծում եմ՝ հենց այդպիսի պահերին է, որ սեր ասված այդ զգացմունքն ավելի է ակտիվանում մեր ներսում։ Ֆիլմի սկզբում մենք տեսնում ենք, թե ինչպես է այդ զգացմունքը եռում Սևակի ներսում։ Նա, թեև ինքնաբուխ է արտահայտում իր զգացմունքները, բայց ես նրա մեջ տեսնում եմ անկեղծ հավատը, որ իսկապես սիրում է այդ մարդուն և ցանկանում է կառուցել իր կյանքը՝ նրա հետ»,-նշում է դերասանը։

Սևակի դերակատարն ասում է՝ բարդ պահերին, երբ մարդու էմոցիաներն ավելի են արտահայտվում, սկսում է ամեն բան այլ պատկերացնել, թվում է՝ կարող է ինչ-որ բան չհասցնել, չգիտես՝ վաղն ինչ կլինի ու փորձում է ապրել կյանքը, անել այն՝ ինչ պատկերացրել է:

«Ինձ թվում է՝ այս ամենը տեղի է ունենում Սևակի հետ, և նա փորձում է ապրել այդ պահը՝ լիարժեք զգալով այն ամենը, ինչ կատարվում է իր ներսում։ Հետագայում, երբ վերադառնում է, ամբողջ ընթացքում տեսնում ենք, որ նա շարունակում է հավատալ իր ապրածին։ Նա փորձում է վերապրել այն զգացողությունները, որոնք ունեցել է։ Կարծում եմ՝ այդ ապրումներն այնքան ուժեղ ու կարևոր են եղել նրա համար, որ հասկացել է՝ դրանք իր կյանքի լավագույն պահերն են եղել և ուզում է, որ այդ զգացողությունը միշտ ապրի»,-մանրամասնում է Վարուժ Մարգարյանը։

Նա հավելում է, որ այդ ժամանակաշրջանն իր մեջ նույնպես փոխել է վերաբերմունքը սիրո հանդեպ։ Դերասանի խոսքով՝ երբեք չենք կարող իմանալ, թե ինչ է բերելու վաղվա օրը, ուստի կարևոր է չվախենալ սիրելուց և անկեղծորեն արտահայտել զգացմունքները։

Դերասանն ընդգծում է՝ սիրո մեջ հաշվարկն ու մտավախությունները հաճախ խանգարում են մարդկանց՝ լիարժեք ապրելու իրենց զգացմունքները։ Փորձությունները ստիպում են վերարժևորել կյանքն ու հասկանալ, որ ամենաուժեղ զգացմունքները չպետք է ենթարկվեն հաշվարկի և սիրելիս պետք է առաջնորդվել միայն անկեղծությամբ։

«Կարծում եմ՝ Սևակի ուղերձն այն է, որ երբեք չպետք է հանձնվես, պետք է սիրես: Խոսքը, իհարկե, ուրիշի դժբախտության հաշվին սեփական երջանկությունը կառուցելու մասին չէ, այլ, որ եթե զգում ես, սերդ իսկապես ուժեղ է, և այն չի վնասում դիմացինին՝ պետք է պայքարես դրա համար։

Կարևոր է մինչև վերջ փորձել, որովհետև, եթե նույնիսկ ցանկալի արդյունքի չհասնես, դա ինքնին դառնում է կյանքի փորձ, իսկ չփորձելու դեպքում ամբողջ կյանքում ափսոսում ես։ Տևական հարաբերությունները, որ ունենում ես դիմացինի հետ, զգում ես՝ որքան բան է փոխում քո մեջ, նույնիսկ սիրո հանդեպ վերաբերմունքն է փոխում»,-ասում է նա:

Վարուժ Մարգարյանը, եզրափակելով իր խոսքը, նշում է՝ ֆիլմում սերը ներկայացված է ոչ միայն երկու մարդու՝ աղջկա և տղայի հարաբերությունների համատեքստում, այլև շատ ավելի լայն իմաստով՝ ներառելով սերը կյանքի հանդեպ, հայրենիքի հանդեպ և ոչ միայն: