«Հարի Փոթերի» հեղինակ Ջոան Ռոուլինգի մասին BBC-ն վավերագրական ֆիլմ կներկայացնի

13:28 • 15.10.26

BBC-ն երկու մասից բաղկացած վավերագրական ֆիլմ կներկայացնի բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի կյանքի և ստեղծագործական ուղու մասին։ Ինչպես հայտնում է Forbes-ը՝ հղում անելով Deadline-ին, ֆիլմը կանդրադառնա գրողի հաջողությանը, գրականության վրա նրա ազդեցությանը և վերջին տարիներին նրա շուրջ ծավալված քննարկումներին։

«J.K. Rowling» աշխատանքային անվանումը կրող նախագծի արտադրությամբ կզբաղվի Rogan Productions ստուդիան։

Ֆիլմի առաջին մասը կպատմի «Հարի Փոթերի» ստեղծման պատմության և գրքերի ու դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի համաշխարհային հաջողության մասին։ Երկրորդ մասը կանդրադառնա Ռոուլինգի՝ Շոտլանդիայի անկախության, ֆեմինիզմի, խոսքի ազատության և գենդերային ինքնության վերաբերյալ արտահայտություններին, որոնք տարբեր արձագանքներ են առաջացրել հանրության շրջանում։

Ըստ Deadline-ի՝ ֆիլմում կօգտագործվեն արխիվային նյութեր, գրողի հայտարարությունները և նրա հետ աշխատած մարդկանց հարցազրույցները։ Գրողը, սակայն, ֆիլմի շրջանակում հարցազրույց չի տա։

Վավերագրական ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2027թ․։

BBC-ի պատմական հաղորդումների բաժնի ղեկավար Սայմոն Յանգի խոսքով՝ 21-րդ դարի Բրիտանիայի մշակութային պատմությունն ամբողջական չէր լինի առանց Ջոան Ռոուլինգի ստեղծած կախարդ տղայի՝ Հարի Փոթերի, նրա ստեղծագործություններից ծնված հրատարակչական և կինեմատոգրաֆիական ֆենոմենի, ինչպես նաև այն հակասական հանրային կերպարի, որը ձեռք է բերել գրողը։