Փարիզի նորաձևության շաբաթվա ամենաուշագրավ պահերը. Ռիհաննան վերադարձել է
Փարիզում մեկնարկել է նորաձևության աշխարհի գլխավոր իրադարձություններից մեկը՝ Paris Fashion Week-ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում այս օրերին հավաքվել են նորաձևության ոլորտի ամենահայտնի դեմքերը, իսկ ցուցադրություններն ուղեկցվում են ոչ միայն նոր հավաքածուներով, այլև աստղային հայտնություններով, անսպասելի լուծումներով և բուռն քննարկումներով։Այս մասին գրում է CNN Style-ը։
Շաբաթվա առաջին օրերից ուշադրության կենտրոնում է Ռիհաննան, որի հայտնվելը Matières Fécales-ի ցուցադրության առաջին շարքում ևս մեկ անգամ մեծացրել է հետաքրքրությունը բրենդի նկատմամբ։ Ցուցադրությունն ինքնին նույնպես առանձնացել է համարձակ գաղափարով․ մոդելները բեմ էին դուրս գալիս մեջքներին տանելով մանեկեններ։ Փարիզի նորաձևության շաբաթվա ամենասպասված ցուցադրություններից մեկը Saint Laurent էր, որը տեղի է ունեցել Էյֆելյան աշտարակի տպավորիչ ֆոնին։

Այս անգամ ցուցադրության շուրջ հետաքրքրությունն առավել մեծ էր, քանի որ քննարկվում էր, որ այն կարող է լինել բրենդի ստեղծագործական տնօրեն Էնթոնի Վաքարելոյի վերջին աշխատանքը Saint Laurent-ի համար՝ տասը տարի պաշտոնավարելուց հետո։
Հավաքածուի գլխավոր գույնը ոսկեգույնն էր։ Տարբեր երանգների և գործվածքների ոսկեգույն կերպարները միավորում էին Իվ Սեն Լորանի ժամանակաշրջանի հայտնի ուրվագծերը՝ սաֆարի ոճի բաճկոններ, տրենչեր և փաթաթվող կիսաշրջազգեստներ։
Միևնույն ժամանակ Վաքարելոն ներկայացրել էր նաև ավելի ժամանակակից լուծումներ՝ այդ թվում ծավալուն բլուզոն-բաճկոններ։ Իր հերթին Dior-ի ստեղծագործական տնօրեն Ջոնաթան Անդերսոնը նոր հավաքածուում ներկայացրել է իր պատկերացումը ռոմանտիկայի մասին։
Փարիզի Տյուիլրիի այգում անցկացված ցուցադրության ժամանակ պոդիումում հայտնվել են թեթև, օդային ուրվագծերով զգեստներ, շերտավոր շիֆոնից կիսաշրջազգեստներ և վերնաշապիկներ, որոնք ստեղծում էին երիտասարդական ու երազկոտ տրամադրություն։
Սակայն Dior-ի նոր հավաքածուն ավելի համարձակ էր, Անդերսոնը այն համադրել է ավելի կտրուկ լուծումների հետ՝ ներկայացնելով մետալիկ, օձի կաշվի էֆեկտով տաբատներ, ազատ արձակված վերնաշապիկներ և միմյանց հետ հակադրվող նախշեր։
Փարիզի նորաձևության շաբաթը դեռ շարունակվում է, և առաջիկա օրերին սպասվում են նոր ցուցադրություններ ու աստղային հյուրերի հայտնություններ։ Ֆրանսիայի մայրաքաղաքն այս օրերին վերածվել է մի վայրի, որտեղ նորաձևությունը միախառնվում է արվեստի, շոուի և մշակութային գաղափարների հետ։








