HIGH FEST-ը Երևանում․ 11 երկրից ավելի քան 200 արտիստ՝ մեկ բեմում

16:27 • 02.10.26

Երևանում մեկնարկել է HIGH FEST կատարողական արվեստի միջազգային փառատոնը, որն այս տարի անցկացվում է արդեն 24-րդ անգամ։ Հոկտեմբերի 1-ից 8-ը մայրաքաղաքը հյուրընկալում է տարբեր երկրներից ժամանած արտիստների, թատերական և պարային խմբերի՝ ներկայացնելով կատարողական արվեստի տարբեր ձևաչափեր։

Այս տարվա փառատոնին մասնակցում է ավելի քան 200 արտիստ՝ աշխարհի 11 երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Իտալիայից, Չինաստանից, Նիդերլանդներից, Չեխիայից և Ռուսաստանից։

HIGH FEST-ի ծրագիրն ընդգրկում է թատրոն, ժամանակակից և դասական պար, երաժշտություն, կրկեսային ու փողոցային ներկայացումներ, տիկնիկային թատրոն և այլ ձևաչափեր։

Փառատոնի բացումը հոկտեմբերի 1-ին կայացել է Կասկադ համալիրի Գաֆեսճյան քանդակների պարտեզում՝ իտալական Compagnia Luca Piallini-ի «Cosmic Journey» («Տիեզերական ճամփորդություն») բացօթյա ներկայացմամբ։ Ներկայացման առանցքում «ժառանգության» գաղափարն է՝ այն աշխարհի մասին, որը մենք թողնելու ենք հաջորդներին։ 

HIGH FEST-ը հիմնադրվել է 2003 թվականին և տարիների ընթացքում ընդլայնվել է՝ թատերական փառատոնից վերածվելով կատարողական արվեստի տարբեր ուղղություններ միավորող միջազգային հարթակի։ Փառատոնի շրջանակում մինչ օրս մասնակցել է ավելի քան 500 արտասահմանյան թատերախումբ և շուրջ 5000 մասնակից ու հյուր։ 

HIGH FEST-ը Երևանում կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը՝ մեկ հարկի տակ հավաքելով տեղական և միջազգային արվեստագետների ու հանդիսատեսին առաջարկելով թատրոնն ու կատարողական արվեստը տեսնելու տարբեր ձևեր։