Վերադարձ հին բակ․ ինչի՞ մասին է «Հարևան ջան» նոր սիթքոմը (լուսանկարներ)
Հին երևանյան բակի ջերմության ու հարևանների մտերմության մասին շուտով կպատմի «Արմենիա» հեռուստաընկերության «Հարևան ջան» նոր սիթքոմը:
Նախագծի գաղափարի մասին խոսելիս սիթքոմի սցենարի հեղինակներից Լևս Դավթյանը, որը սիթքոմում հանդես է գալիս նաև որպես դերասան, նշեց, որ վաղուց հարևանների մասին լավ սիթքոմ չէր նկարահանվել, և ստեղծագործական թիմը որոշել է վերակենդանացնել հին ու բարի հայկական ավանդույթները։

«Այս սիթքոմը մեր հիշողության մեջ մնացած կերպարների մասին է։ Այն նաև բարության, հոգատարության, միմյանց օգնելու և իրար հասնելու մասին է։ Սիթքոմն ունի հետաքրքիր դրամատուրգիական զարգացումներ»,- ասաց նա։

Նախագծի գաղափարի մասին խոսելիս սիթքոմի պրոդյուսեր Ռոբերտ Մարտիրոսյանն ընդգծեց, որ ժամանակի ընթացքում հարևանների միջև երբեմնի մտերմությունը որոշ չափով կորել է։
«Հասկացանք, որ մեզ պակասում են հին հարևանությունը, հին երևանյան բակն ու մտերմությունը։ Ինքս էլ այժմ հարևաններիս հետ ավելի քիչ եմ շփվում, քան նախկինում, երբ ծնողներիս հետ էի ապրում։ Այն ժամանակ շփումն ավելի մտերմիկ ու ջերմ էր։ Որոշեցինք այդ ամենը վերականգնել սիթքոմի միջոցով։ Վստահ եմ՝ հեռուստադիտողներից յուրաքանչյուրը նախագծում կտեսնի թե՛ իր հարևաններին, թե՛ ինքն իրեն»,- նշեց նա։

Նույն գաղափարն ընդգծում է նաև դերասան Արթուր Նալբանդյանը, որի խոսքով՝ նախագծի վերնագիրն արդեն իսկ շատ բան է ասում։
«Մեր սերնդի մարդիկ լավ գիտեն՝ ինչ է նշանակում հարևանական մտերմությունը։ Բոլորի դռները բաց էին, և մարդիկ այնպիսի կապի մեջ էին, որ կարևոր չէր՝ ում տունն էր։ Շատ կուզենայի, որ հին հարևանությունից որոշ բաներ կրկին վերականգնվեին։ Մի լավ խոսք կա՝ «Լավ հարևանը հեռու բարեկամից լավ է», և դա իսկապես այդպես է»,- ասաց դերասանը։

Արթուր Նալբանդյանի մարմնավորած Համոն հարևանների շրջանում սկզբունքային ու բոլորին ուղղություն տվող մարդկանցից է։ Դերասանի խոսքով՝ յուրաքանչյուր բակում կա այդպիսի մեկը՝ ամուր բնավորությամբ, որը կարողանում է պահպանել իր հեղինակությունը թե՛ տանը, թե՛ բակում։ Տարիներ շարունակ սիթքոմներում չնկարահանվելուց հետո դերասանը նկարահանման առաջարկն ընդունել է ուրախությամբ։

Հարևանական հարաբերությունների այս պատկերն իր հիշողություններով լրացրեց նաև Անահիտ Կիրակոսյանը։ Նրա խոսքով՝ նախկինում հարևանները հաճախ ընտանիքի անդամների պես էին, իսկ միմյանց նկատմամբ հոգատարությունն ու փոխօգնությունը կյանքի բնականոն մասն էին։

«Չնայած միշտ ասում ենք, որ դժվար ժամանակներ էին, բայց այն տարիներին այնքան ջերմություն, հոգատարություն ու իրական ընկերություն կար։ Շատ կուզենայի, որ իմ երեխաներն էլ զգան այն, ինչ ես եմ զգացել մանկության տարիներին։ Հարևաններն ընտանիքի պես էին։ Հիշում եմ՝ երբ մենք երկրից բացակայում էինք, տատիկիս խնամում էին դիմացի հարևանները։ Միմյանց տուն գնալը, մոմի լույսի ներքո դաշնամուրի շուրջ հավաքվելը, նարդու ձայները. այդ ամենը մեզ այսօր պակասում է, թեև հնարավորությունների առումով շատ ավելի առաջ ենք անցել»,- պատմեց դերասանուհին։

Անահիտ Կիրակոսյանը սիթքոմում մարմնավորում է Անոյին՝ կազմակերպչական մեծ եռանդով օժտված կնոջ, որի ձեռքում են բակի ու դպրոցի բազմաթիվ հարցեր։ Բակում վերելակների գումարների հավաքագրումից մինչև դպրոցական ծնողկոմիտեի աշխատանքներ՝ ամեն ինչի կենտրոնում հենց նա է։ Դերասանուհու խոսքով՝ կերպարն իրենից բավականին տարբեր է, ինչն էլ ստեղծագործական հետաքրքրություն է հաղորդում աշխատանքին։
«Ինձ դուր է գալիս, որ կերպարն ինձ հետ կապ չունի։ Պետք է աշխատեմ ու ստեղծեմ այնպիսի կերպար, որը նոր գույն կհաղորդի թե՛ հեռուստադիտողին, թե՛ ինձ՝ որպես դերասանուհու։ Իսկ Անոյին որպես հարևան շատ կսիրեի, որովհետև ինքս՝ որպես Անահիտ, հաճախ կարիք եմ ունենում, որ մեկ ուրիշը կազմակերպի ամեն ինչ, իսկ ես պարզապես մասնակից լինեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նա։

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը մարմնավորում է Նվարդին՝ ակտիվ, կազմակերպչական ջիղով օժտված աղջկա։ Նրա խոսքով՝ հարևանության մեջ միշտ անհրաժեշտ է մեկը, որը նախաձեռնող կլինի և կզբաղվի ընդհանուր հարցերով։
«Ես կուզեի, որ իմ կերպարն ապրեր մեր շենքում, որովհետև ակտիվ մարդ ունենալը մեծ առավելություն է։ Այդ դեպքում շատ հարցերի մեջ նույնիսկ չես էլ ստիպված լինի խառնվել»,- Tert.am Life-ի հետ զրույցում կատակով նկատեց դերասանուհին։

Նա հավելեց, որ սցենարում իրեն առաջին հերթին գրավել է գաղափարը, քանի որ հարևանության մասին պատմությունը ներկայացնում է հայերի կենցաղը, առօրյա շփումներն ու հարաբերությունները։
«Հարաբերությունները սկսվում են մեր կողքի դռնից՝ մեր հարևանից։ Կարծում եմ՝ գաղափարն ինքնին գրավիչ է։ Երբ հեռուստադիտողը դիտի սիթքոմը, հաստատ իրեն կգտնի կերպարներից մեկի, երկուսի, երեքի, գուցե նույնիսկ բոլորի մեջ»,- ասաց նա։
Դերասանուհի Մարջան Ավետիսյանը մարմնավորում է Օֆելյային։ Նրա խոսքով՝ կերպարի հետաքրքրությունը պայմանավորված է նաև մյուս հերոսների հետ ունեցած փոխհարաբերություններով, քանի որ բոլորն իրար լրացնում են՝ ստեղծելով ընդհանուր բակային միջավայրը։

«Հուսով եմ՝ այս սիթքոմը հիշողությունների միջոցով մեզ մի փոքր հետ կտանի դեպի այն ջերմությունն ու անմիջական շփումը, որը վաղուց կորցրել էինք։ Եվ ոչ միայն դա. գուցե սկսենք ավելի շատ շփվել նաև մեր շրջապատի մարդկանց հետ։ Ուզում եմ, որ հարևանների միջև իսկական ընկերություն լինի, որովհետև դա շատ հաճելի ու կարևոր բան է»,- ասաց դերասանուհին։
Աղաս Մանուկյանը հանդես է գալիս Կյաժի կերպարում։ Դերասանի խոսքով՝ սցենարում իրեն ամենից շատ գրավել է կերպարի յուրահատկությունը, քանի որ նախկինում նմանատիպ դեր չէր խաղացել։ Կյաժը ներքուստ վախկոտ է, սակայն ամեն կերպ փորձում է դա թաքցնել շրջապատից։

Նրա խոսքով՝ հարևանության գաղափարախոսությունը ժամանակին ենթադրում էր, որ մարդիկ մեկը մյուսին օգնության էին հասնում։ Այսօր, սակայն, շատերը կարոտում են այդ շփումներն ու մտերմությունը։
«Այս սիթքոմի միջոցով այդ ամենը կվերապրենք, նաև կհիշեցնենք ու կսովորեցնենք, թե ինչպես է պետք հարևանություն անել, իրար կողքի կանգնել»,- նշեց նա։
Սիթքոմի պրոդյուսեր Նորա Աբրահամյանի խոսքով՝ հարևանական մշակույթը դեռ պահպանվում է որոշ բակերում, իսկ ստեղծագործական թիմը վստահ է, որ հեռուստադիտողին սպասվում է բարի, ջերմ, զվարճալի և դրական հույզեր առաջացնող պատմություն։

«Ֆանտաստիկ ստեղծագործական թիմ ու դերասանական կազմ է հավաքվել։ Վստահ ենք, որ «Հարևան ջան» սիթքոմն իր տեղը կզբաղեցնի սիրված ու դիտվող սիթքոմների շարքում»,- նշեց նա։
Նախագծի ռեժիսորն է Կարեն Ամյանը, պրոդյուսերները՝ Նորա Աբրահամյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը։ Սիթքոմի առաջին եթերաշրջանը բաղկացած է 16 մասից։ «Հարևան ջան»-ի հեռուստատեսային մեկնարկը նախատեսված է նոյեմբերի 10-ին։

Դերասանական կազմում են՝ Անահիտ Կիրակոսյանը, Թամարա Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Սաշ Սուքիասյանը, Լևս Դավթյանը, Վաչե Երիցյանը, Արթուր Նալբանդյանը, Աղաս Մանուկյանը, Միկա Ղափլանյանը, Արև Սանթրոսյանը, Արթուր Հարությունյանը, Լիլիթ Ավդալյանը և Արևիկ Գալստյանը։








