Թուփաք Շակուրի գործով մեղադրյալը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման

17:30 • 14.10.26

Ավազակախմբի նախկին պարագլուխ Դուեյն «Քեֆ Դի» Դևիսը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման՝ ռեփեր Թուփաք Շակուրի սպանությունը կազմակերպելու համար։ Այս մասին գրում է BBC-ն։

63-ամյա Դևիսը սեպտեմբերին դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել զենքի կիրառմամբ սպանության մեղադրանքով։ Շակուրը սպանվել էր 1996 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Լաս Վեգասում, երբ ընթացքի մեջ գտնվող մեքենայից կրակ էին բացել նրա ուղղությամբ։

Դևիսը հայտարարել է, որ բողոքարկելու է դատավճիռը։ Մեղադրող կողմի պնդմամբ՝ Դևիսն անձամբ չի կրակել, սակայն ղեկավարել է սպանությունն իրականացրած խմբին։ Իր հուշերում նա խոստովանել էր, որ տրամադրել է հանցագործության ժամանակ օգտագործված զենքը։

Գործով նրա դատապարտումը առաջինն է եղել շուրջ 30 տարի չբացահայտված մնացած այս աղմկահարույց սպանության շրջանակում։ Դատավճռի հրապարակման նիստի ժամանակ դատախազ Մարկ ԴիՋիակոմոն նշել է, որ Դևիսը տարիներ շարունակ հրապարակայնորեն պարծեցել է Շակուրի մահվան գործում ունեցած իր դերով։

Նրա խոսքով՝ հանցագործությունը համաշխարհային արձագանք է ստացել։ Դատարանում ելույթ են ունեցել նաև Շակուրի հարազատները։ Ռեփերի քույրը՝ Սեկիվա Շակուրը, հայտարարել է, որ եղբոր կորուստը ծանր հարված է եղել ընտանիքի համար։

Սեկիվա Շակուրը դատավորին խնդրել է Դևիսի նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը՝ նշելով, որ նա բանտում պետք է խորհի իր արածի հետևանքների մասին։ Ռեփերի եղբայրը՝ Մորիս Շակուրը, նույնպես պահանջել է սահմանել հնարավոր ամենախիստ պատժաչափը։

Դևիսի դեմ գործի առանցքային ապացույցներից են եղել նրա իսկ հրապարակային հայտարարությունները, որոնցում նա խոսել էր այն մասին, որ գտնվել է մեքենայում, որտեղից արձակվել էին կրակոցները։