Yerevan fashion week-ի շրջանակում Wildberries-ը ներկայացրեց հայ դիզայներների հետ գործակցության և տեղական բրենդների զարգացման հնարավորությունները (տեսանյութ, լուսանկարներ)

14:42 • 14.10.26

Նորաձևությունը միայն հագուստ չէ․ այն գաղափարների, ինքնարտահայտման ու նոր հնարավորությունների մասին է։ Yerevan Fashion Week-ի շրջանակում մեկ հարկի տակ են հավաքվել դիզայներները, նորաձևության սիրահարներն ու ոլորտի ներկայացուցիչները։

Այս տարի միջոցառման մասնակիցների թվում է նաև Wildberries-ը՝ ներկայացնելով հայ դիզայներների հետ համագործակցության և տեղական բրենդների զարգացման հնարավորությունները։

«Մեզ համար շատ կարևոր է հայ դիզայներների, արտադրողների ներգրավվածությունը մեր հարթակում և Wildberries-ն ինքնին կարող է շատ մեծ հնարավորություններ տալ դիզայներներին, նոր ուղի լինել թե՛ երիտասարդ, թե՛ նոր սկսնակ դիզայներների համար:

Մեր հարթակն այս տարի այստեղ տաղավարով է ներկայացված, որպեսզի աշխատակիցները մաքսիմում հասանելի բացատրեն, ներկայացնեն դիզայներներին՝ հարթակի ընձեռած հնարավորությունները»,-ասաց Հայաստանում Wildberries-ի GR տնօրեն Էլինա Պետրոսյանը:

Հայ դիզայներների համար ստեղծագործական աշխատանքը շարունակելու կարևոր պայմաններից մեկը սեփական արտադրանքը վաճառելու և նոր շուկաներ հասնելու հնարավորությունն է։ Հայաստանի նորաձևության պալատի նախագահ Վահան Խաչատրյանի խոսքով՝ հատկապես կարևոր է հայկական փոքր շուկայից դուրս գալու հնարավորությունը։

«Հայկական իրականության մեջ շատ քիչ են առցանց հարթակները, որտեղ մեր դիզայներները կարող են իրենց հավաքածուները վաճառել, դրա համար, կարծում եմ, որ Հայաստանի փոքր շուկայի համար շատ կարևոր է ունենալ ելք դեպի դուրս, իսկ Wildberries-ը գործում է պոստսովետական երկրների ամբողջ տարածքով և բավականին լուրջ շուկա է արդեն տեղի արտադրողի համար»,-ասաց Վահան Խաչատրյանը:

Wildberries-ի հետ գործակցության շրջանակում Temis բրենդը ստեղծել է հատուկ դիզայնով իրեր՝ համադրելով բրենդին բնորոշ նախշերն ու հարթակի գունային տրամադրությունը։

«Wildberries-ի նման մեծ կազմակերպությունների կողմից համագործակցությունները, կարծում եմ, շատ կարևոր է մեր՝ հայ դիզայներներիս համար, նոր հարթակներ է բացում, մեր նորաձևության լեզուն մենք կարողանում ենք ներկայացնել ավելի մեծ լսարանի, և այդ լսարանը կարող է լինել նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս»,-ասաց Themis բրենդի հիմնադիր Նելլի Աղաբաբյանը:

Միջոցառման շրջանակում անցկացվել է նաև Wildberries-ի և Temis-ի մասնակցությամբ մրցույթ՝ լրացնելով նորաձևության շաբաթի ծրագիրը։

Հայ դիզայներների համար կարևոր է ոչ միայն ստեղծել, այլև իրենց աշխատանքները հասանելի դարձնել ավելի մեծ լսարանի։ Իսկ ստեղծագործական համագործակցությունների և վաճառքի նոր ուղիների համադրությունը կարող է նոր հնարավորություններ բացել հայկական նորաձևության զարգացման համար։