«Նոր տարվա կինո 2»-ը մեծ էկրաններին է. ռեժիսորն ու դերասանական կազմը՝ ֆիլմի մասին (լուսանկարներ)
«Նոր տարվա կինո 2» կամ «Հարսնացուն Ամերիկայից» գեղարվեստական ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը՝ Անահիտ Մխիթարյանը։ Tert.am Life-ը զրուցել է ֆիլմի ռեժիսորի և դերասանական կազմի հետ՝ պարզելու ֆիլմի մանրամասներն ու կերպարների առանձնահատկությունը:
«Երկար ենք մտածել սցենարի շուրջ, թե ինչ անենք, որ մեր հանդիսատեսը գոհ, ժպիտը դեմքին, ուրախ հեռանա դահլիճից: Կարծում եմ՝ գտել ենք բանաձևը, բայց վերջին խոսքը հանդիսատեսինն է, պետք է հանդիսատեսը գնահատի»-ասում է Ելենա Արշակյանը և նշում՝ շատ դժվար էր նկարահանել հաջողված ֆիլմի երկրորդ մասը, բայց պարտավորված էին դա լավագույն կերպով իրականություն դարձնել:
Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը շնորհակալ լինելու մասին է, իսկ թե ինչու՝ հանդիսատեսը կհասկանա, երբ դուրս գա դահլիճից:

Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Սևակին, մարմնավորում է Վարուժ Մարգարյանը, իսկ գլխավոր հերոսուհուն՝ Անիին, Անի Երանյանը:
«Կարծում եմ՝ Սևակի ուղերձն այն է, որ երբեք չպետք է հանձնվես, պետք է սիրես: Խոսքը, իհարկե, ուրիշի դժբախտության հաշվին սեփական երջանկությունը կառուցելու մասին չէ, այլ եթե զգում ես՝ սերդ իսկապես ուժեղ է և այն չի վնասում դիմացինին՝ պետք է պայքարես դրա համար»,-նշում է Վարուժ Մարգարյանը։
Անի Երանյանի տպավորությամբ՝ ֆիլմը հրաշքների մասին է և այն դիտելուց հետո մարդիկ հավատալու են, որ իրենց երազանքները կատարվելու են և լինում են հրաշքներ:

Ֆիլմում առանձնահատուկ տեղ ունի նաև Սևակի ընկերը՝ Ռուբենը, որին մարմնավորում է Վաչե Երիցյանը:
«Ինչպես բոլոր ընկերները՝ օգնում եմ իմ ընկերոջը, որ ճանապարհ անցնի ու հասնի իր նպատակին: Թե ճանապարհին ինչեր են լինում՝ կտեսնենք պրեմիերային և դրանից հետո»-փակագծերը չբացելով՝ նշում է Վաչե Երիցյանը:

«Նոր տարվա կինո 2»-ում զարգանում է նաև սիրային գիծ՝ Հովսեփ պապիկի և Ջուլյայի միջև: Ֆիլմում այդ կերպարներով հանդես են գալիս Մկրտիչ Արզումանյանը և Արմինե Պողոսյանը:
«Ժամանակն արագ է թռչում, բայց դերասանական առումով իրար շատ լավ ենք զգում: «Նոր տարվա կինո 2»-ը ֆիլմ է՝ սիրո, բարության, հայրենասիրության, միմյանց հանդեպ ուշադրության մասին, ամենակարևորն՝ ընտանեկան ֆիլմ է»-ընդգծում է դերասանը:
Արմինե Պողոսյանն էլ հավելում է՝ իր կերպարով ուզում բոլոր երիտասարդներին սեր, երջանկություն, մի քիչ էլ համբերություն փոխանցել։

Ֆիլմի առանցքային՝ հայրենասիրական գծում, հրամանատարի կերպարով հանդես է գալիս Աշոտ Նավասարդյանը:
«Իմ կերպարի հիմքում դրված է զինվորականի ոգին, մարտունակությունը և այն արժանապատվությունը, որը պետք է ունենա յուրաքանչյուրը։ Հանդիսատեսն այս ֆիլմից դրական էմոցիաներ կտանի, հուսով եմ՝ նաև խորհելու առիթ կունենա»-նշում է դերասանը:
Ֆիլմի առաջին մասում Փիրուզային մարմնավորած Լիանա Վանոյանը երկրորդ մասում ևս ներկայացված է, ով իր գույներով զարգացնում է ստեղծված իրավիճակները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք ֆիլմի պրեմիերայի մասին:







