«Հպում». նոր դրամա սիրո, խանդի, դավաճանության ու ճշմարտության անվերջ փնտրտուքի մասին (լուսանկարներ)
Սե՞ր, թե՞ գայթակղություն, գիտակցվա՞ծ ընտրություն, թե՞ մի ակնթարթի հրապույր։ Երբեմն մեկ հանդիպումը կարող է փոխել միանգամից մի քանի մարդու կյանք՝ սիրո պատմությունը վերածելով խանդի, դավաճանության ու ճշմարտության փնտրտուքի։ Այս թեմաներն են «Հպում» նոր սիրային դրամայի առանցքում, որի պրեմիերան նախատեսված է 2027 թվականի ապրիլի 29-ին։

Ֆիլմի գլխավոր դերերում են Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հախվերդյանը, Դիանա Մալենկոն և Սոս Ջանիբեկյանը։ Ֆիլմի բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերն է Նարեկ Ներսիսյանը։

«Հպում»-ը Դանի, Ալիսի, Աննայի և Լևոնի սիրային քառանկյունի մասին է։ Դանի ու Ալիսի պատահական հանդիպումը վերածվում է սիրո, սակայն Դանը հրապուրվում է Աննայով։ Վերջինս Դանի միջոցով ծանոթանում է Լևոնի հետ և ամուսնանում նրա հետ, բայց Դանի ու Աննայի միջև գաղտնի սիրավեպ է սկսվում։ Դավաճանությունների բացահայտումը քանդում է երկու զույգերին՝ զգացմունքները վերածելով խանդի, վրեժի և ճշմարտության փնտրտուքի մոլուցքի։

Ֆիլմի ստեղծագործական խմբի համար պատմությունը հետաքրքիր է ոչ միայն իր դրամատիկ զարգացումներով, այլև դերասանական հնարավորություններով ու մարդկային հարաբերությունների բազմաշերտությամբ։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանումներին և դերասաններից ու ստեղծագործական թիմից հետաքրքրվել նախագծի մանրամասներով։

«Նախ ինձ գրավեց պիեսի սցենարը, որը դերասանի համար ստեղծագործելու և աշխատելու լավ հիմք է։ Երկրորդը դերասանական կազմն էր։ Նարեկի հետ առաջին անգամ ենք աշխատում, և վստահ եմ՝ նա մեծ մոտիվացիա ունի հանրությանը ներկայանալու հետաքրքիր ու որակյալ աշխատանքով։ Կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան, որ լավ ֆիլմ ստացվի, որտեղ առանցքային կլինեն մարդկային փոխհարաբերություններն ու ճակատագրերը, իսկ դերասանները հնարավորություն կունենան լիարժեք բացահայտելու իրենց կերպարները»,- նշել է Սոս Ջանիբեկյանը։

Դերասանը մարմնավորում է Լևոնին՝ ինքնաբավ, կայուն ու իր կյանքում հաստատված տղամարդու, որը հայտնվում է սիրային քառանկյունի մեջ։ Լևոնը բժիշկ է և ապրում է իր կյանքով, մինչև իրադարձությունները նրան ներքաշում են հարաբերությունների բարդ հյուսվածքի մեջ։

Լուիզա Ներսիսյանի խոսքով՝ նմանատիպ ֆիլմերը դերասանի համար բացառիկ հնարավորություն են՝ բացահայտելու մասնագիտական տարբեր կողմերը։

«Կարծում եմ՝ նմանատիպ ֆիլմերը դերասանի համար իսկական ընծա են, քանի որ հնարավորություն են տալիս լիարժեք դրսևորելու մասնագիտական կարողություններն ու բացահայտելու կերպարի տարբեր շերտերը։ Այս պատմության մեջ յուրաքանչյուր հերոս յուրովի է դրսևորվում՝ բացահայտելով սիրային քառանկյունի ներսում ձևավորվող զգացմունքները, ձգտումները և գայթակղությունները»,- ասել է դերասանուհին։

Նրա խոսքով՝ ֆիլմի կարևոր հարցերից մեկն այն է, թե մարդն իր կյանքում կատարո՞ւմ է գիտակցված ընտրություն, թե՞ պարզապես տրվում է տվյալ պահի հրապույրին։ Լուիզա Ներսիսյանը կարծում է, որ պատմությունը կարող է հանդիսատեսին մղել վերանայելու սեփական պատկերացումները հարաբերությունների, հավատարմության և պատասխանատվության մասին։

Դերասանուհին չի շտապում կանխատեսել, թե հանդիսատեսն ում կողմից կլինի՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր կերպար ունի իր ճշմարտությունը, իսկ հանդիսատեսը կարող է ապրումակցել նրան, ում պատմությունն իրեն ավելի հոգեհարազատ կլինի։

«Ես փորձում եմ արդարացնել իմ կերպարին։ Կարծում եմ՝ դիտակետը փոխելով՝ հնարավոր է փոխել նաև իրավիճակի ընկալումը։ Այդ պատճառով փորձում եմ կերպարիս պատմությանը նայել նրա տեսանկյունից՝ հասկանալու նրա քայլերն ու ներքին շարժառիթները»,- նշել է նա։

Լուիզա Ներսիսյանը նաև կարևորել է դրամայի և հումորի համադրությունը՝ նշելով, որ կյանքում նույնիսկ ամենածանր իրավիճակներում երբեմն հնարավոր է գտնել ժպտալու առիթ։

Դիանա Մալենկոյի համար «Հպում»-ում նկարահանվելու առաջարկը նաև հնարավորություն է՝ դուրս գալու իրեն վերջին տարիներին առաջարկվող դերերի շրջանակից։

«Վերջապես ստացա ոչ կոմեդիայի առաջարկ։ Վերջին ֆիլմից հետո մի քանի տարի չէի համաձայնում նմանատիպ կոմեդիաներում նկարահանվելու առաջարկներին, քանի որ ցանկանում էի բացահայտել այլ ժանրեր։ Եվ վերջապես Նարեկն առաջարկեց մի հետաքրքիր պիես, որին ծանոթ էի և որը շատ էի սիրում»,- պատմել է դերասանուհին։

Նա խոստովանել է, որ իր համար հետաքրքիր, բայց նաև պատասխանատու է կերպար ստեղծելը՝ հաշվի առնելով, որ պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում այդ դերը մարմնավորել է Նատալի Պորտմանը, որի դերակատարումը Դիանան շատ է սիրում։

«Ինձ համար հետաքրքիր մարտահրավեր է ստեղծել կերպար, որը չի կրկնի արդեն գոյություն ունեցող մեկնաբանությունը, այլ կունենա իմ անհատականությունն ու տեսակը։ Թե ինչ կստացվի, հանդիսատեսը կտեսնի ֆիլմում»,- նշել է նա։

Լևոն Հախվերդյանի համար նախագծին միանալու հիմնական շարժառիթը նախևառաջ Նարեկ Ներսիսյանին աջակցելն է եղել։ Դերասանի խոսքով՝ ռեժիսորի հետ ծանոթ է ավելի քան տասը տարի և այդ ամբողջ ընթացքում լսել է նրա՝ ֆիլմ նկարահանելու երազանքի մասին։

«Նարեկին ճանաչում եմ ավելի քան տասը տարի։ Այդ ընթացքում նա միշտ խոսել է ֆիլմ նկարահանելու իր երազանքի մասին և երբեք չի հրաժարվել դրանից։ Երբ հնարավորություն ստեղծվեց այն իրականացնելու, առանց երկար մտածելու՝ որոշեցի լինել նրա կողքին և աջակցել այդ երազանքի իրագործմանը։ Դա էր ֆիլմում նկարահանվելու իմ հիմնական շարժառիթը»,- ասել է դերասանը։

Սցենարին ծանոթանալուց հետո, սակայն, նրա համար բացահայտվել է նաև պատմության գրական արժեքն ու կերպարի բազմաշերտությունը։ Լևոն Հախվերդյանի մարմնավորած հերոսը միայնակ, ոչ այնքան հաջողակ գրող է, որը միաժամանակ սիրահարվում է մի քանի կանանց։ Նրա պատմության միջոցով ֆիլմն անդրադառնում է սիրուն, զգացմունքներին, կապվածությանը և այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում մարդու ներսում։

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր և պրոդյուսեր Նարեկ Ներսիսյանի խոսքով՝ այս թեմային անդրադառնալու պատճառներից մեկը դրա արդիականությունն է։ Թեև հիմքում բրիտանացի հեղինակի ստեղծագործությունն է, ռեժիսորը համոզված է, որ պատմության հերոսներին ու նրանց ապրած հարաբերությունները կարելի է գտնել նաև հայկական իրականության մեջ։

«Երկար ժամանակ ստեղծագործական մեծ նախագծի չեմ անդրադարձել, քանի որ զգում էի ստեղծագործական սով։ Այս թեման ընտրեցի, որովհետև այն արդիական է։ Թեև ստեղծագործությունն ի սկզբանե գրվել է բրիտանացի հեղինակի կողմից, կարծում եմ՝ հայ հասարակության մեջ նույնպես կան այս պատմության հերոսներն ու նրանց ապրած հարաբերությունները։ Հետաքրքիր է բացահայտել այդ փոխհարաբերությունները և հասկանալ, թե ինչպես են մարդիկ ապրում իրենց զգացմունքներով ու ինչ հետևանքների են հանգեցնում իրենց ընտրությունները»,- նշել է Նարեկ Ներսիսյանը։

Ռեժիսորի խոսքով՝ սա իր առաջին լիամետրաժ ֆիլմն է։ Նախկինում նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ ֆիլմեր, որոնք մասնակցել են փառատոների, և այժմ նա ցանկանում է ավելի շատ կենտրոնանալ ռեժիսուրայի և ամբողջական նախագծի ստեղծման վրա։

Նա նաև առանձնացրել է հայկական ստեղծագործական թիմի ներուժը՝ նշելով, որ հենց Հայաստանում է գտել այն դերասաններին ու մասնագետներին, որոնց հետ ցանկացել է աշխատել։ Նարեկ Ներսիսյանի խոսքով՝ ֆիլմի ստեղծման պատասխանատվությունն ավելի է մեծանում նաև այն պատճառով, որ հայ հանդիսատեսը պահանջկոտ է, կրթված ու տեղեկացված։

«Երբ հասնենք պրեմիերային, կհամոզվեք, որ ֆիլմը շատ խորը շերտեր ունի, այնքան կյանքային ու բազմաշերտ է։ Այդ չորս կերպարների մեջ այնքան տարբեր փոխհարաբերություններ կան, և այնքան խորությամբ է քննարկվում, թե ինչ է սերը, ինչ են հարաբերություններն ու նվիրվածությունը, և ինչ չափով պետք է դրանց պատասխանատվությամբ վերաբերվել, որպեսզի չվնասես դիմացինին»,- ասել է ռեժիսորը։

«Հպում»-ի ստեղծագործական խմբի խոսքով՝ ֆիլմը ոչ միայն սիրային պատմություն է, այլև հնարավորություն՝ դիտարկելու մարդկային ընտրություններն ու դրանց հետևանքները։ Իսկ թե ինչպես կգնահատի հանդիսատեսը հերոսների քայլերը, ում կհասկանա ու ում հետ կապրի նրանց պատմությունը, պարզ կդառնա ֆիլմի պրեմիերայից հետո։

Հեղինակ՝ Անի Ավետիսյան

















