Անահիտ Շահբազյանը՝ ստեղծագործական ծրագրերի, դստեր ներշնչանքի և բեմական ճանապարհի մասին (լուսանկարներ)

17:02 • 13.10.26

Երգչուհի Անահիտ Շահբազյանը մտադիր է վերադառնալ ստեղծագործական ավելի ակտիվ կյանքի և ունկնդիրներին ներկայացնել տարիներ շարունակ դարակում մնացած երգերը։ Երգչուհու համար նոր ստեղծագործությունների ճանապարհը նաև անցյալի ծանր հիշողությունները հաղթահարելու և երաժշտության միջոցով ինքնադրսևորվելու հնարավորություն է։ Իսկ նրա ամենամեծ ոգեշնչման աղբյուրը դուստրն է, որի հույզերն ու պատկերացումները նոր զգացողություններ են հաղորդում մայրիկի ստեղծագործական կյանքին։

Tert.am Life-ի հետ զրույցում Անահիտ Շահբազյանը պատմել է առաջիկա ծրագրերի, դստեր ներշնչանքի, առաջին բեմական փորձի և այն գնահատանքի մասին, որն իր համար երբեմն ավելի կարևոր է, քան հանդիսատեսի քանակը։

Անահիտի համար երաժշտությունը ոչ միայն մասնագիտական ինքնադրսևորման, այլև զգացողությունները փոխանցելու միջոց է։ Ստեղծագործական ճանապարհին նրան ոգեշնչում է դուստրը, որի արձագանքներն ու պատկերացումները մայրիկի բեմական կյանքի մասին նորովի են բացահայտում երաժշտության ազդեցությունը։

«Իմ ոգեշնչումը իմ աղջիկն է, ով ինձ մղում է դեպի երաժշտություն։ Նրա հույզերը, բեմում իմ ներկայության հետ կապված պատկերացումներն ու զգացողությունները շատ հետաքրքիր են»,- նշել է երգչուհին։

Անահիտը չի թաքցնում, որ անցած տարիների իրադարձությունները, այդ թվում՝ պատերազմի հետ կապված ծանր հիշողությունները, իրենց հետքն են թողել իր ապրումների և ստեղծագործական կյանքի վրա։ Այժմ նա ցանկանում է նոր ուժով վերադառնալ երաժշտությանը, ավելի ակտիվ աշխատել և ունկնդիրներին ներկայացնել այն երգերը, որոնք երկար ժամանակ չեն հրապարակվել։

«Փորձում եմ ինձ դրսևորել այնպես, որ կարողանամ հին օրերը՝ պատերազմի հետ կապված հիշողությունները, հետևում թողնել, ավելի արդյունավետ ստեղծագործել և ձեզ համար գեղեցիկ երգեր ստեղծել։ Կան երգեր, որոնք վաղուց դրված են դարակում, և արդեն ժամանակն է դրանք հրապարակելու»,- ասել է Անահիտը։

Երգչուհու բեմական ճանապարհը սկսվել է դեռ դպրոցական տարիներին։ Հետաքրքիր է, որ ընտանիքի անդամներն անգամ չէին պատկերացնում, որ Անահիտը կարող է երգել։ Այդ տարիներին նա հիմնականում նվագակցում էր քրոջը, սակայն մի օր որոշեց ինքն էլ հանդես գալ որպես երգչուհի։

Առաջին փորձերից մեկը կապված էր Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հետ։ Անահիտի խոսքով՝ այդ ընթացքում նա 13 երգ է կատարել։ Տարիներ անց՝ 2003 թվականին, Երգի պետական թատրոն ընդունվելը դարձավ նրա մասնագիտական ուղու կարևոր հանգրվաններից մեկը։

Տարիների ընթացքում բեմը դարձել է Անահիտի կյանքի անբաժանելի մասը, սակայն նրա համար ելույթի հաջողությունը միայն դահլիճի մարդաշատությամբ չի չափվում։ Կարևոր է նաև, թե ովքեր են ներկա, ինչպես են ընկալում կատարումը և ինչ արձագանք են փոխանցում արտիստին։

«Ինձ համար ամենամեծ գնահատանքը միշտ չէ, որ մեծաթիվ հանդիսատեսն է։ Երգի պետական թատրոնում եղել են դահլիճներ, որոնք լեփ-լեցուն էին արվեստագետներով ու արվեստասեր մարդկանցով։ Արթուր Գրիգորիչի ներկայությամբ և գնահատանքով այդ համերգներն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունեին»,- պատմել է նա։

Երգչուհու համար բեմ բարձրանալուն նախորդող պահերն առանձնահատուկ հուզականություն ունեն, սակայն ելույթից հետո հանդիսատեսի արձագանքն է ամբողջացնում այդ զգացողությունը։

«Բեմ բարձրանալու ընթացքը, իհարկե, ամենասիրունն է, իսկ ելույթից հետո հանդիսատեսի արձագանքն արդեն ամենամեծ գնահատականն է»,- նշել է Անահիտը։

Խոսելով ապագայի ցանկությունների մասին՝ երգչուհին առաջին հերթին կարևորել է խաղաղությունը։ Նրա խոսքով՝ ցանկանում է, որ երկիրը զերծ մնա նոր դժվարություններից, իսկ արվեստագետները հնարավորություն ունենան առանց ծանր ապրումների ստեղծագործելու, ելույթներ ունենալու և իրենց լավագույնս ներկայացնելու։

«Ես շատ եմ ուզում, որ իմ երկիրը խաղաղ լինի։ Չեմ ուզում, որ մենք նորից դժվար փուլերով անցնենք ու վերադառնանք նույն արարին։ Ուզում եմ, որ համերգները շատ լինեն, և մենք կարողանանք ինքնադրսևորվել ու ցույց տալ մեզ լավագույն ձևով՝ այնպիսին, ինչպիսին կանք»,- ընդգծել է երգչուհին։

Անահիտ Շահբազյանի առաջիկա ծրագրերում կարևոր տեղ ունեն նոր երգերը և բեմ վերադառնալու ցանկությունը։ Ստեղծագործական նոր փուլի ճանապարհին նրան ուղեկցում է դստեր ներշնչանքը, իսկ երաժշտության միջոցով անցյալը հաղթահարելու և ունկնդրի հետ կապը պահպանելու ցանկությունը շարունակում է մնալ նրա կարևոր նպատակներից մեկը։

 

Հեղինակ ՝ Անի Ավետիսյան

Լուսանկարիչ ՝ Աքսաննա Ոսկանյան