Հասմիկ Կարապետյանը՝ նոր երգի, երկրպագուների սիրո, սպասվող անակնկալի մասին
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը Յունոնա Ղամբարյանի հետ ներկայացրել է «Եկ երազենք» զուգերգը, որի երաժշտության և խոսքերի համահեղինակներն իրենք են։
Ստեղծագործությունը ոչ միայն երկու արտիստների համագործակցության արդյունք է, այլև լավատեսության, փոխադարձ աջակցության և տարբեր սերունդների ստեղծագործողների միջև կապի մասին պատմություն։
Tert.am Life-ի հետ զրույցում Հասմիկ Կարապետյանը պատմել է երգի ստեղծման պատմության, Յունոնա Ղամբարյանի հետ համագործակցության, երկրպագուների աջակցության և առաջիկայում սպասվող անակնկալի մասին։
Երգչուհու խոսքով՝ Յունոնա Ղամբարյանի հետ ծանոթությունը պատահական է եղել, սակայն նրանց միջև արագ մտերմություն է ձևավորվել։ Նրանց համագործակցության նախապատմությունը կապված է նաև «Կարոտ» երգի հետ, որի հեղինակը Կոնստանտին Աբգարյանցն է։
Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ երգի գործիքավորումն ու կիթառային հատվածները Յունոնա Ղամբարյանի աշխատանքն են։ Հենց համատեղ աշխատանքի ընթացքում էլ ծնվել է զուգերգով հանդես գալու գաղափարը։ «Եկ երազենք» երգը ստեղծվել է ընդամենը երկու ժամում՝ ստուդիայում աշխատելու ընթացքում։
Երաժշտության և խոսքերի համահեղինակներն են Հասմիկ Կարապետյանն ու Յունոնա Ղամբարյանը։ Նրա խոսքով՝ երգի երկու տունն ինքն է գրել, իսկ կրկներգի հեղինակը Յունոնան է։ Երգի միջոցով Հասմիկ Կարապետյանը ցանկացել է ընդգծել փորձառու ստեղծագործողների՝ երիտասարդներին աջակցելու, գիտելիքներով ու փորձով կիսվելու և նրանց սեփական ներուժը բացահայտելու հարցում օգնելու կարևորությունը։
Ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է սեպտեմբերին՝ Հասմիկ Կարապետյանի մենահամերգի ժամանակ։ Երգչուհու խոսքով՝ այն ջերմ ընդունելության է արժանացել, իսկ հանդիսատեսը համերգից հետո կիսվել է երգով սոցիալական ցանցերում։
Հասմիկ Կարապետյանը հայտնել է, որ առաջիկայում պատրաստվում է ևս մեկ զուգերգ ներկայացնել, սակայն դեռ չի ցանկանում բացահայտել նրա անունը։ Նրա խոսքով՝ այդ երգի գաղափարը շուրջ տասը տարվա պատմություն ունի, իսկ գործիքավորման աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են։
Երգչուհին խոստովանել է, որ իր ստեղծագործական ճանապարհին առանձնահատուկ տեղ ունի հավատարիմ հանդիսատեսի աջակցությունը։ Նա նշել է, որ տարիների ընթացքում մտերմացել է երկրպագուներից շատերի հետ և անձամբ ճանաչում է նրանց։
Հասմիկ Կարապետյանի խոսքով՝ ընտանեկան և մայրական հոգսերի պայմաններում երբեմն կարող էր մտածել ստեղծագործական գործունեությունը դադարեցնելու մասին, սակայն երկրպագուների սերն ու աջակցությունը նրան նոր ուժ են տալիս։
Նա կարծում է, որ հանդիսատեսի հետ տարիների ընթացքում պահպանած կապի կարևոր պատճառներից մեկը սեփական անկեղծությունն ու մարդկանց նկատմամբ վերաբերմունքն է։ «Ես կարևորում եմ իմ հանդիսատեսին, լսում եմ նրան, ապրում նրա ցանկություններով։
Չեմ արհամարհում և անտեսում այն, ինչ նա ակնկալում է ինձնից»,- նշել է Հասմիկ Կարապետյանը։
Երգչուհին հույս է հայտնել, որ հանդիսատեսի հետ ջերմ կապը կշարունակվի, իսկ նոր ստեղծագործություններն ու սպասվող զուգերգը նոր առիթներ կստեղծեն նրանց հետ հանդիպելու համար։









