Ներկայացումը թույլ է տալիս կողքից դիտել մեզ ծանոթ իրավիճակներն ու ճանաչել ինքներս մեզ. Նարեկ Դուրյանը՝ «Քշի գնա» կատակերգության մասին
Բոհեմ թատրոնի բեմում հոկտեմբերի 21-ին և 24-ին տեղի կունենա դերասան և բեմադրիչ Նարեկ Դուրյանի «Քշի գնա» կատակերգության ներկայացումը։ Ներկայացման կենտրոնում մի իրավիճակ է, որը շատերին կարող է ծանոթ թվալ․ ծնողները երազում են, որ իրենց երեխաներն ամուսնանան օտարերկրացիների հետ, մեկնեն արտերկիր և այնտեղ ավելի լավ կյանք կառուցեն։ Բայց այդ երազանքի հետևում մի հարց է մնում՝ եթե բոլորը հեռանան, ո՞վ է ապրելու Հայաստանում։
Tert.am Life-ի հետ զրույցում Նարեկ Դուրյանը նշել է, որ ներկայացման հիմնական ասելիքը Հայաստանում մնալու և սեփական երկրում ապրելու կարևորությունն ընդգծելն է։
«Ես քարոզում եմ, որ մնանք Հայաստանում։ Գնացեք, աշխատեք, արեք այն, ինչ ուզում եք, բայց մնացեք այստեղ»,- ասել է նա։

Ներկայացման մեջ անդրադարձ կա նաև օտարամոլությանը՝ այն մտածելակերպին, երբ թվում է, թե ուրիշների մոտ ամեն ինչ ավելի լավ է, իսկ սեփական երկրում ու միջավայրում արժանին հաճախ չի գնահատվում։ Ըստ Նարեկ Դուրյանի՝ «Քշի գնա»-ն քաղաքային բանահյուսության վրա հիմնված ներկայացում է, որն առաջին հերթին մեր մասին է՝ մեր սովորությունների, պատկերացումների ու հակասությունների։
Այս կատակերգության մեջ ծիծաղը միայն զվարճանքի միջոց չէ․ այն նաև հնարավորություն է՝ կողքից նայելու մեզ ծանոթ իրավիճակներին և ճանաչելու ինքներս մեզ։

Նարեկ Դուրյանը ներկայացման մեջ միավորել է մի քանի աշխատանք՝ հանդես գալով որպես բեմադրիչ, երաժշտական ձևավորման հեղինակ և դերակատար։ Նրա խոսքով՝ այդ գործառույթները միմյանցից առանձնացված չեն․ ստեղծագործական աշխատանքը սկսվում է ամբողջական պատկերի ձևավորմամբ։
«Երբ սկսում եմ գրել, արդեն լսում եմ երաժշտությունը, տեսնում բեմադրությունը, պատկերացնում նաև իմ կերպարը։ Դրանք այնքան փոխկապակցված են, որ, անկեղծ ասած, չեմ էլ խորանում՝ ինչպես եմ այդ ամենը համատեղում։ Ամեն ինչ ինքնըստինքյան իր հունով է ընթանում»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասել է նա։
Դուրյանի խոսքով՝ կյանքի բարդությունների և առօրյա լարվածության պայմաններում թատրոնի կարևոր առաքելություններից մեկը մարդկանց հոգսերից որոշ ժամանակով կտրելն ու նրանց տրամադրությունը բարձրացնելն է։ Նրա համար հաջողությունը միայն բեմում ծափահարություններ ստանալը չէ․ այն նաև այն պահն է, երբ հանդիսատեսը ներկայացումից հետո փողոցում հանդիպելիս ժպտում է իրեն։
![]()
«Եթե օրվա ընթացքում կարողանում եմ մի քանի մարդու երջանիկ, ուրախ ու զվարթ պահեր պարգևել, և հետո փողոցում ինձ հանդիպելիս նրանք նայում են ինձ, ժպտում ու անցնում, ուրեմն ես հաղթել եմ։ Ես ուրախ եմ»,- ասել է դերասանը։
«Քշի գնա» կատակերգության բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը Նարեկ Դուրյանն է։ Ներկայացման դերերում են Նարեկ Դուրյանը, Ջուլիետտա Ստեփանյանը, Գարիկ Միրզոյանը և Շուշան Սահակյանը։ Պրոդյուսերն է Քրիստինե Հովհաննիսյանը, բեմի ձևավորումը՝ Մարիամ Ջանիկյանի։
Հեղինակ ՝ Անի Ավետիսյան








