Լավ հումորիստ է նա, ով կարողանում է ինքն իր վրա ծիծաղել. Մհեր Մխիթարյան (լուսանկարներ)
Հումորիստ և դերասան Մհեր Մխիթարյանը, տարիներ շարունակ հանդես գալով հումորային նախագծերում և ստենդափ ներկայացումներում, առաջին անգամ ներկայանում է դասական ստեղծագործության բեմադրությունում՝ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման մեջ։

Նոր նախագիծը նրա համար նաև դերասանների հետ համագործակցելու նոր փորձ է եղել, որից, իր խոսքով, մեծ հաճույք է ստացել։
Tert.am Life-ի հետ զրույցում Մհեր Մխիթարյանը պատմել է նոր դերի, տարիների ընթացքում մարմնավորած կերպարների, հումորային ժանրի և բեմում ձեռք բերած փորձի մասին։
«Քարե դարդ», «Ոսկե դպրոց» և «Բլբուլյաններ» նախագծերում ունեցած դերերից մինչև նոր աշխատանքներ՝ Մհեր Մխիթարյանը կարողացել է հանդիսատեսին փոխանցել իր հումորն ու դրական էներգիան։

Դերասանը խոստովանել է, որ չի կարող առանձնացնել իր մարմնավորած կերպարներից որևէ մեկը՝ որպես ամենահոգեհարազատ․ յուրաքանչյուրն իր ժամանակահատվածում առանձնահատուկ է եղել և դրա հետ կապված հետաքրքիր պատմություններ և հույզեր է պահպանել։
Մհեր Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում հանդիսատեսն իրեն կարող է տեսնել նաև ավելի լուրջ դերերում։ Միաժամանակ նշել է, որ քանի դեռ իր հումորը մարդկանց ծիծաղեցնում և ուրախություն է պարգևում, շարունակելու է աշխատել այդ ժանրում։

Խոսելով մասնագիտական փորձի մասին՝ դերասանն ընդգծել է, որ տարիների ընթացքում բեմի հանդեպ ունեցած վախերը աստիճանաբար հաղթահարել է։ Նրա խոսքով՝ շուրջ 15-20 տարվա աշխատանքն ու կուտակած փորձն օգնել են ավելի վստահ զգալ իրեն։
Իսկ թե ո՞վ է լավ հումորիստը, Մհեր Մխիթարյանը պատասխանել է՝ նա, ով կարողանում է ինքն իր վրա ծիծաղել։
Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան Լուսանկարիչ՝ Աքսաննա Ոսկանյան








