Սառնասրտությունն օգնում է ինձ. Էլլա Տարունցը՝ վերադարձի, նոր երգի, ներքին փոփոխությունների մասին

15:52 • 16.10.26

Երգչուհի Էլլա Տարունցը վերադառնում է ակտիվ ստեղծագործական գործունեության․ նա արդեն աշխատում է նոր երգերի վրա և պատրաստվում համերգային ծրագրի։

Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին խոսել է վերադարձից հետո ստացած արձագանքների, «Ծովն է շառաչում» նոր երգի, ստեղծագործական սկզբունքների և տարիների ընթացքում իր մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Համերգային ծրագրի եմ պատրաստվում։ Արդեն մի քանի երգ ունենք, որոնց վրա աշխատում ենք, գործիքավորումներ ենք անում։ Դուետները դեռ հստակեցված չեն, բայց նախապատրաստական աշխատանքները ընթացքի մեջ են»,- նշել է Էլլա Տարունցը։

Մհեր Բաղդասարյանին տված հարցազրույցից հետո երգչուհին բազմաթիվ ջերմ խոսքեր է ստացել, ինչն իր մեջ մեծ պատասխանատվության զգացում է առաջացրել։

«Այդ ջերմությունն այնքան անկեղծ ու բուռն էր, որ մեծ պատասխանատվություն զգացի։ Մտածեցի՝ պետք է արագ ինչ-որ բան անեմ, հետո ընթացքում հասկանամ՝ ինչպես շարունակել»,- պատմել է նա։

Երգչուհին խոստովանել է, որ հարցազրույցից առաջ հստակ ծրագրեր չուներ, սակայն հանրության արձագանքը դարձել է նոր փուլ սկսելու կարևոր խթան։

Վերադարձի այս շրջանում Էլլա Տարունցը ներկայացրել է նաև «Ծովն է շառաչում» երգը։ Այն դեռ դպրոցական տարիներից է իրեն հարազատ եղել Հարութ Փամբուկչյանի կատարմամբ, և նա միշտ ցանկացել է ներկայացնել երգի սեփական մեկնաբանությունը։

Երգչուհու համար առաջնային է կատարել այն ստեղծագործությունները, որոնք հոգեհարազատ են իրեն։

Նա չի թաքցնում, որ երբեմն երկմտում է՝ առաջնորդվել սեփական նախասիրություններո՞վ, թե՞ մտածել ֆինանսական հաջողության մասին, այնուամենայնիվ, գոհ է իր անցած ճանապարհից։

Տարիների ընթացքում ունեցած կամերային, ակումբային և փաբային համերգներն ու շրջագայությունները օգնել են նրան իր շուրջը համախմբել գնահատող հանդիսատեսի։

Խոսելով տարիների ընթացքում իր մեջ տեղի ունեցած փոփոխությունների մասին՝ Էլլա Տարունցը նշել է, որ դարձել է ավելի սառնասիրտ, ինչը գործնական կյանքում օգնում է իրեն․

«Երբեմն կարոտում եմ այն մեծահոգի Էլլային, որովհետև շատ մեծահոգի էի, ինչը խանգարում էր ինձ։ Բայց այս սառնասրտությունն օգնում է, որ հուզական դաշտ չմտնեմ»։

Անդրադառնալով հարցազրույցին որդու արձագանքին՝ երգչուհին պատմել է, որ նա շատ է հավանել զրույցը․

«Ասաց՝ շատ անկեղծ էր։ Առաջին անգամ նայելիս հուզվեց, հետո արդեն դիտեց հանդիսատեսի աչքերով, և եկանք այն եզրակացության, որ հարցազրույցը հաջողված էր»։

Այժմ երգչուհին ամբողջովին կենտրոնացած է նոր ստեղծագործությունների և համերգային ծրագրի վրա, իսկ երկրպագուները կարող են շուտով սպասել նոր պրեմիերաների։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան