Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից․ մի թռիչք՝ հազարավոր տպավորություններ
Առավոտյան Երևանը դեռ նոր է արթնանում, իսկ քաղաքից մի քանի կիլոմետր այն կողմ օդապարիկի հսկայական պատյանը դանդաղ լցվում է տաք օդով։ Մի քանի րոպե անց այն, ինչ սովորաբար տեսնում ենք մեքենայի պատուհանից կամ ճանապարհորդելիս, հայտնվում է բոլորովին այլ բարձրությունից։

Երկինք բարձրացող գունավոր օդապարիկները, անսովոր տեսարաններն ու թռիչքի սպասումով լի դեմքերը «Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից» միջազգային օդագնացության փառատոնի անբաժանելի մասն են։ Սակայն մինչ մասնակիցները կհայտնվեն գետնից հազարավոր մետրեր բարձրության վրա, առջևում դեռ նախապատրաստական աշխատանքներ կան, իսկ վայրէջքից հետո նրանց սպասում է մի արարողություն, որի մասին գուցե շատերը չեն էլ լսել։

Փառատոնն այս տարի անցկացվում է ութերորդ անգամ։ Skyball-ի կազմակերպած միջոցառումն անցկացվում է հոկտեմբերի 6-11-ը՝ Երևանում, Գառնիում և Ապարանի ջրամբարի հարակից տարածքում։ Փառատոնին մասնակցում է շուրջ 20 օդապարիկ՝ Հայաստանից և արտերկրից։

«Արդեն ութերորդ տարին է, ինչ իրականացնում ենք «Բացահայտի՛ր Հայաստանը երկնքից» փառատոնը։ Տարբեր երկրներից հրավիրված օդաչուներն իրենց թիմերով ամեն տարի մեծ սիրով այցելում են Հայաստան՝ մեզ և, իհարկե, ձեզ համար։ Ցանկանում ենք, որ մարդիկ վայելեն գեղեցիկ տեսարաններ, ունենան հիշարժան պահեր և մեզ հետ իրականացնեն բացառիկ թռիչքներ՝ Երևանում, Ապարանում ու Գառնիում։ Համոզված եմ՝ այն տպավորություններն ու տեսարանները, որոնք բացահայտելու են, երկար կհիշվեն»,– Tert.am-ի հետ զրույցում ասում է Skyball-ի մենեջեր Դիանա Ավետիսյանը։

Օդաչու Վահե Արզումանյանը, որը թռիչքներով զբաղվում է արդեն տասը տարի, իսկ վերջին երեք տարիներին՝ որպես օդաչու, պատմում է, որ յուրաքանչյուր թռիչք նոր բացահայտում է։
«Հիմա մենք գտնվում ենք 2000 մետր բարձրության վրա։ Միացնում եմ նախապես ընտրված երաժշտությունը, և ամեն անգամ լրիվ ուրիշ պատկերներ են բացվում։ Թեև արդեն երկար տարիներ զբաղվում եմ թռիչքներով, ամեն անգամ նոր զգացողություններ ու տեսարաններ եմ բացահայտում»,– Tert.am-ի հետ զրույցում ասում է նա։

Բայց օդապարիկով թռիչքը միայն գեղեցիկ տեսարանների ու տպավորությունների մասին չէ։ Այն ունի նաև իր զվարճալի պատմությունները։ Վահեն հիշում է մի դեպք, երբ թռիչքի ընթացքում մասնակիցներից մեկը հանկարծ հարցրել է՝ ինչու իրենց հետ պարաշյուտ չեն վերցրել, որպեսզի ընկնելու դեպքում փրկվեն։ Օդաչուի խոսքով՝ ուղևորը, հավանաբար, այդ պահին մոռացել էր, որ օդապարիկն ինքնին պարաշյուտ է։

Դարերի ընթացքում օդապարիկով թռիչքների շուրջ ձևավորվել են նաև տարբեր ավանդույթներ։ Դրանցից մեկը՝ թռիչքից հետո մասնակիցներին կոմս ու կոմսուհի հռչակելու արարողությունն է, որը օդաչուն ներկայացնում է որպես հին պատմության հետ կապված գեղեցիկ պատմություն։

Նրա պատմածի համաձայն՝ ժամանակին Լյուդովիկոս XVI-ը խոստացել էր օդապարիկով թռչողներին շնորհել այն հողատարածքները, որտեղ նրանք վայրէջք կկատարեին, իսկ ազնվական տիտղոս չունեցողներին՝ թռիչքից հետո կոմս ու կոմսուհի հռչակել։

Իսկ ահա արարողության խորհուրդը նա բացատրում է շատ պատկերավոր՝ երեք տարրերի՝ հողի, օդի ու կրակի միջոցով։

«Մենք ունենք երեք կարևոր բան։ Առաջինը հողն է, որը մեզ ճանապարհում և դիմավորում է։ Երկրորդը օդն է, որի մեջ սավառնում ենք։ Եվ երրորդը կրակն է, որի շնորհիվ իրականացնում ենք մեր թռիչքը։ Ավանդույթի համաձայն՝ մասնակիցների մազից մի փոքր հատված վառում ենք, հանգցնում շամպայնով, և այդ պահից նրանք համարվում են կոմսեր ու կոմսուհիներ»։

Այսպես՝ թռիչքի ավարտը դառնում է ոչ միայն վերադարձ հողին, այլև փոքրիկ տոն՝ նոր տպավորություններով, ծիծաղով ու հիշողություններով։ Իսկ գուցե հենց այսպիսի արարողություններն են ճանապարհորդությունը դարձնում ավելին, քան պարզապես մի վայրից մյուսը հասնելու միջոցը։

Առավոտյան գետնին դեռ ամեն ինչ իր սովորական տեղում էր։ Բայց րոպեներ անց նույն Հայաստանը մնացել էր ներքևում՝ իր լեռներով, ճանապարհներով ու տներով։ Իսկ երկնքից նրան նայողները վերադարձան մի փոքր այլ զգացողությամբ՝ ասես բացահայտել էին ոչ միայն Հայաստանը, այլև այն տեսնելու բոլորովին նոր ձևը։

Հեղինակ՝ Անի Ավետիսյան
Լուսանկարիչ ՝ Աքսաննա Ոսկանյան








