Մայքլ Ջեքսոնի բաճկոնն ու հայտնի ձեռնոցը հանվել են աճուրդի
Մայքլ Ջեքսոնի երկրպագուները հնարավորություն կունենան ձեռք բերելու փոփի արքայի ամենահայտնի բեմական հագուստներից երկուսը։ Նրա՝ «Thriller» տեսահոլովակի կարմիր կաշվե բաճկոնն ու «Motown 25» ելույթի ժամանակ կրած սպիտակ ձեռնոցը վաճառքի են հանվել Աբու Դաբիում կայանալիք «Fashion Legacy Evening Sale» աճուրդի շրջանակում։Այս մասին գրում է The Sun-ը։
Դեբորա Նադուլման-Լանդիսի նախագծած կարմիր բաճկոնը երկու օրինակներից մեկն է, որոնք պատրաստվել էին 1983 թվականի «Thriller» տեսահոլովակի համար։ Երկրորդ բաճկոնը պատռվել էր զոմբիների մասնակցությամբ տեսարանների նկարահանման ժամանակ։ Աճուրդի հանված բաճկոնի գինը հրապարակայնորեն հասանելի չէ․ տեղեկությունը տրամադրվում է միայն շահագրգիռ գնորդների հարցման դեպքում։

Այն վերջին անգամ վաճառվել էր 2011 թվականին՝ մոտ 1,85 միլիոն դոլարով։ Աճուրդում ներկայացված է նաև սպիտակ՝ քարերով զարդարված ձեռնոցը, որը Ջեքսոնը կրել էր 1983 թվականին՝ «Motown 25» հեռուստաշոուի ձայնագրման ժամանակ։ Դրա վաճառքից ակնկալվում է ստանալ շուրջ 927 հազար դոլար։ Մայքլ Ջեքսոնի հուշանվերները նախկինում ևս մեծ հետաքրքրություն են առաջացրել կոլեկցիոներների շրջանում։
2022 թվականին աճուրդի էր հանվել նրա հետ կապված 32 հազար իրից բաղկացած հավաքածու՝ 31.1 միլիոն ֆունտ ստերլինգ գնահատված արժեքով։ Բոլոր իրերը վաճառվում էին որպես մեկ միասնական լոտ՝ փակ առցանց աճուրդի միջոցով՝ անանուն սեփականատիրոջ անունից։
Հավաքածուն սկզբնապես նախատեսված էր Լոս Անջելեսում թանգարան ստեղծելու համար, սակայն ծրագիրը չիրականացավ, և այն վաճառքի հանվեց «House of Consultants»-ի միջոցով։ «Սա հազվագյուտ հնարավորություն է՝ ձեռք բերելու դարի ամենաազդեցիկ արտիստի մշակութային ժառանգությունը»,- նշել էր հավաքածուի սեփականատերը։









