Ռաֆայել Երանոսյանը՝ ամուսնության, նոր մոնոներկայացման և ստեղծագործական վեճերի մասին

15:45 • 07.10.26

Ռաֆայել Երանոսյանը պատրաստվում է ներկայացնել իր հեղինակային թվով չորրորդ մոնոներկայացումը՝ «Ծանր ու թեթև»։ Այն հաջորդում է դերասանի «Տրաֆիկը», «Էվոլյուցիա» և «Փահլևան» մոնոներկայացումներին։ Նոր նախագծի փորձերն արդեն ակտիվ փուլում են, և դրանցից մեկին ներկա է եղել Tert.am Life-ը։  

Ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը, բեմադրող ռեժիսորը՝ Դավիթ Աբրահամյանը, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը, պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է։  

Ռաֆայել Երանոսյանի խոսքով՝ «Ծանր ու թեթևը» ստեղծվել է մոտ մեկուկես տարվա ընթացքում։ Սցենարը բազմիցս վերաշարադրվել և փոփոխվել է փորձերի ընթացքում, քանի որ դերասանի համար կարևոր է, որ նյութը բեմում բնական հնչի։

  «Սցենարը անընդհատ փոխվում է։ Փորձի ընթացքում մի ուրիշ բան ես անում, մեկ էլ մի ուրիշ բան է ծնվում, փորձում ես սցենարդ դասավորել և ոնց որ հագուստի պես, կարում ես արդեն քո վրա»,- պատմել է նա։  

Ստեղծագործական գործընթացն առանց վեճերի չի անցնում։ Ռաֆայելը չի թաքցնում՝ սցենարի շուրջ թիմում մշտապես քննարկումներ և տարաձայնություններ են լինում։

«Միշտ աշխատանքային վեճեր լինում են։ Այս պահին էլ փորձերի ընթացքում շատ բաներ են փոխվում։ Տղաները գալիս են, ասում են՝ այս կտորը լավն էր, ինչո՞ւ չես անում, ես ասում եմ՝ որպես օրգանիկ այդ բանը դեռ չեմ զգում։ Այդպես կռվում ենք, իսկ վերջում ամեն ինչ եզրափակվում է»,- նշել է դերասանը։   «Ծանր ու թեթևում» Ռաֆայել Երանոսյանը պատրաստվում է անդրադառնալ առօրյային, ընտանեկան և միջանձնային հարաբերություններին, հասարակական երևույթներին, օրենքներին և այն իրավիճակներին, որոնցում, ըստ նրա, յուրաքանչյուրը կարող է իրեն ճանաչել։

  «Ծանր ու թեթև անելու եմ ընդհանրապես ինձ, իմ տեսակը։ Ծանր ու թեթև անելու եմ յուրաքանչյուր հանդիսատեսին, որովհետև խոսելու եմ տարբեր թեմաների մասին, որոնցում համոզված եմ՝ յուրաքանչյուրը եղել է։ Ծանր ու թեթև անելու եմ մեր առօրյան, մեր օրենքները, նախանձը, չարը, սուտը, դավաճանությունը, կաշառակերությունը, փող վերցնելը, ստատուս գրելը։Մի խոսքով՝ բոլորին ծանր ու թեթև եմ անելու»,- ասել է նա։

  Միևնույն ժամանակ, դերասանը ներկայացման հիմնական ուղերձը կապում է կյանքը ավելի թեթև ապրելու գաղափարի հետ։  

«Վերջում ասելու եմ՝ կյանքը հիասքանչ է, հեշտացրեք, ապրեք, որովհետև այս կյանքում մենք ոչ մեկս ոչ մեկին պատասխան չունենք տալու։ Պատասխան ունենք տալու Աստծուն։ Այնպես որ՝ կպեք գործին, պարոնայք»,- նշել է Ռաֆայելը։  

«Մեր երրորդ համագործակցությունն է մոնոներկայացման առումով, Ռաֆոյի հետ բեմից ու աշխատանքից դուրս ընկեր ենք, լավ ճանաչում ենք իրեն, սցենար գրելիս շատ կարեւոր է դա։ Շատ կարևոր է, որ իր մտքերը, գաղափարները և հումորային մոտեցումները լինեն, իսկ ընկերությունը շատ օգնում է այս հարցում։ Մենք այս թիմով շատ երկար ենք աշխատում, արդեն ունենք հստակ աշխատանքային բաժանում, թե որ մեկս որ թեմայի շուրջ պետք է աշխատենք, բայց տարաձայնություններ լինում են։ Այս ներկայացման մեջ շատ տարբեր թեմաներ ենք վերցրել, կան թեմաներ, որոնք հանդիսատեսին ծանոթ են, բայց մոտեցումներն են նոր »,-ասաց սցենարիստ Գարիկ Գևորգյանը։

Նոր մոնոներկայացման անվանումն ու գաղափարը շարունակություն են «Փահլևանի» թեմաների։ Սցենարիստ Արմեն Վարդանյանի խոսքով՝ եթե նախորդ ներկայացման մեջ հիմնական հարցերից մեկը այն էր, թե որ կողմը բռնել, ապա այս անգամ խոսքը որոշումների շուրջ ծանր ու թեթև անելու մասին է։  

«Սկսած կենցաղայինից մինչև մեծ որոշումները՝ ո՞րն է ավելի ճիշտ՝ միանգամից որոշո՞ւմ կայացնելը, թե՞ չափից դուրս շատ ծանր ու թեթև անելը։ Թեմաները լինելու են միջանձնային հարաբերություններում, մեր կենցաղում, ընտանեկան կյանքում և ընդհանրապես այն հարցերում, որոնք մեկ-մեկ ավելի շատ ենք բարձրացնում»,- ասել է նա։  

Արմեն Վարդանյանի խոսքով՝ այս անգամ ներկայացումը նախորդ գործերից ավելի քիչ է քաղաքականացված, իսկ հիմնական շեշտը մարդու ներքին խնդիրների վրա է։  

«Քաղաքական ենթատեքստեր կան այնքանով, որքանով այսօր մեր կյանքն է։ Բայց ուղղվածությունն ավելի շատ մեր ներսի խնդիրներին է։ Մարդը տանը ինչպես է կենցաղում, վաղը պաշտոնում էլ այդպես կկառավարի»,- նշել է սցենարիստը։  

Ռեժիսոր Դավիթ Աբրահամյանի համար Ռաֆայել Երանոսյանի հետ համագործակցությունը ունի նաև երկար պատմություն։ Նա դերասանին ճանաչում է դեռ 14 տարեկանից։  

«Ես Ռաֆոյին ճանաչում եմ արդեն 14 տարի։ Ես 14 տարեկան երեխա էի, Կամերային թատրոնում  էի աշխատում, այդ ժամանակվանից ճանաչում եմ։ Ռաֆոն մեծ սիրտ ունեցող մարդ է, և ինձ հետ շփվում էր հավասարը հավասարի պես»,- պատմել է նա։   Դավիթը խոստովանել է՝ կայացած արտիստի հետ աշխատելու առաջարկն առաջին պահին իրեն վախեցրել է, սակայն Ռաֆայելի պրոֆեսիոնալ մոտեցումը հեշտացրել է համագործակցությունը։  

«Անկեղծ՝ շատ վախեցել եմ, որովհետև նման կայացած արտիստի հետ աշխատելը շատ մեծ դժվարություններ ունի։ Հնարավոր է՝ ինչ-որ պահի չհասկանաք իրար, բայց Ռաֆոն այնքան ունիվերսալ դերասան է, որ յուրաքանչյուր առաջարկի, յուրաքանչյուր թեթև շտկման միշտ բաց է արձագանքում»,- ասել է ռեժիսորը։  

Նա վստահ է՝ նոր մոնոներկայացումը հանդիսատեսին կներկայացնի իրական, ճանաչելի ու զվարճալի պատմություններ։  

«Ռաֆոն դրանով է առանձնանում, որ իր պատմությունների մեծ մասը իրականում տեղի ունեցած բաներ են, շոշափելի մարդիկ են՝ մեր հասարակության մարդիկ։ Այդ մարդիկ միշտ հետաքրքիր ու զվարճալի դեմքեր են լինում, իսկ ինքը կարողանում է դա մսոտ ներկայացնել»,- նշել է Դավիթ Աբրահամյանը։  

Սցենարիստ Թելման Առաքելյանն էլ կատակով խոստովանել է՝ Ռաֆայելի հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ։

  «Դժվար է Ռաֆոյի հետ աշխատելը, որովհետև ինքը այնքան լավ պատմություններ ունի, այնքան հումորով է, ու այդ ամենը գալիս է, պատմում, ներկայացնում է։ Եվ ուզած-չուզած շեղվում ես սցենարից»,- ասել է նա։  

Ներկայացման ստեղծագործական թիմում է նաև պրոդյուսեր Վահան Թովմասյանը, որը Ռաֆայելի հետ աշխատանքը բնորոշում է որպես բարդ, բայց արդյունավետ համագործակցություն։

  «Անկեղծ՝ հեշտ չի, շատ դժվար է։ Մենք տարբեր բաների շուրջ տարբեր կարծիքներ կարող ենք ունենալ, բայց միշտ գալիս ենք ընդհանուր կոնսենսուսի։ Եղել է՝ իրար հետ կռվենք, եղել է՝ ջղայնանանք, բայց դա միշտ բերում է լավ աշխատանքի արդյունքի»,- նշել է նա։  

Իսկ Ռաֆայել Երանոսյանի անձնական կյանքի մասին ամենաշատ հնչող հարցը՝ երբ եք ամուսնանում, կրկին մնացել է անորոշ։ Դերասանը չի պատրաստվում պատասխանը նախապես բացահայտել և խոստանում է, որ այդ մասին հանդիսատեսը կլսի հենց բեմից։

  «Այդ հարցի պատասխանը առաջին անգամ կլսի հանդիսատեսը հոկտեմբերի 19-ին։ Հստակ պատասխանը երբեք չի կարող լինել, որովհետև ես հստակ չգիտեմ՝ կես ժամ հետո ինչ կարող է լինել։ Բայց որ ամեն ինչ հրաշալի է, դա շատ լավ է»,- ասել է Ռաֆայելը։  

Նոր մոնոներկայացման պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 19-ին։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան

Լուսանկարիչ՝ Աքսաննա Ոսկանյան