Nirvana-ն վերադարձել է MTV-ի բեմ՝ ստանալով Video Vanguard Award-ը
Nirvana-ն ավելի քան երեք տասնամյակ անց վերադարձել է MTV Video Music Awards-ի բեմ՝ ստանալով Video Vanguard Award մրցանակը։ Այս մասին հայտնում է People-ը։
Սիեթլում 1987 թվականին ձևավորված գրանջ-խումբը, որի կազմում էին Քուրթ Քոբեյնը, Դեյվ Գրոլը և Քրիստ Նովոսելիչը, մրցանակին արժանացել է 2026 թվականի MTV VMA-ի շրջանակում՝ երաժշտության և մշակույթի վրա ունեցած երկարամյա ազդեցության համար։
Խմբի նախկին շրջագայող երաժիշտ և Foo Fighters-ի ներկայիս կիթառահար Փեթ Սմիրը նույնպես միացել է Գրոլին ու Նովոսելիչին ինչպես կարմիր գորգին, այնպես էլ բեմում։

Մրցանակը ստանալիս Նովոսելիչը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և MTV-ին։ Բեմում ցուցադրվել է խմբի խորհրդանշական տեսահոլովակների ու Քոբեյնի արխիվային կադրերի հավաքածու։
«Այս մրցանակը վերադարձնում է այն տարիների բազմաթիվ հիշողություններ, երբ մենք ստեղծում էինք այդ տեսահոլովակները»,- ասել է Նովոսելիչը։
Նա ընդգծել է Քուրթ Քոբեյնի դերը խմբի ստեղծագործական տեսլականի ձևավորման գործում՝ նրան անվանելով «բոլոր ժամանակների մեծագույն արտիստներից մեկը»։

Նովոսելիչի խոսքով՝ Nirvana-ի երաժշտությունը շարունակվում է նոր սերունդների համար արդիական մնալ, քանի որ մարդիկ շարունակում են փնտրել անկեղծություն, իրականություն և այնպիսի երաժշտություն, որը չի փորձում հարմարվել որևէ կանոնի։
Nirvana-ն MTV VMA-ի բեմում առաջին անգամ հայտնվել էր ավելի քան 30 տարի առաջ։ Այս վերադարձով խումբը կրկին հայտնվեց այն հարթակում, որը կարևոր դեր է ունեցել իր երաժշտության ու տեսահոլովակների տարածման գործում։







