25 օր Հունաստանում, 16 սերիա ու մեկ ընտանիք դարձած թիմ․ Մարինկա Խաչատրյանը՝ «Բարի Գալուստ» սիթքոմի մասին (լուսանկարներ)
Հոկտեմբերի 20-ին Shant TV-ի եթերում կմեկնարկի «Բարի Գալուստ» սիթքոմը, որի նկարահանումներն իրականացվել են Հունաստանում։
Սիթքոմի գլխավոր դերերում են Իրինա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Մարինկա Խաչատրյանը, Դելոն, Էվա Խաչատրյանը, Նորայր Եղյանը, Արման Գևորգյանը, Սերգեյ Գրիգորյանը, Վահե Պետրոսյանը և այլ դերասաններ։

Tert.am Life-ը զրուցել է Մարինկա Խաչատրյանի հետ՝ նոր կերպարի, Հունաստանում անցկացրած նկարահանման օրերի, ստեղծագործական համագործակցության մասին։
«Բարի Գալուստ» սիթքոմում Մարինկա Խաչատրյանը մարմնավորում է Անուշին՝ դրական, խելացի, համարձակ ու նպատակասլաց մի աղջկա, որն սկզբում աշխատում է որպես մատուցող, իսկ հետագայում դառնում տնօրեն։ Դերասանուհու խոսքով՝ կերպարի ամենահետաքրքիր առանձնահատկություններից մեկն այն է, որ նա չի վախենում նոր մարտահրավերներից, պատրաստ է պատասխանատվություն ստանձնել և ձգտում է առաջ գնալ։

Սիթքոմում նկարահանվելու առաջարկը Մարինկան ստացել է Եգիպտոսից վերադառնալուց ընդամենը մի քանի շաբաթ անց։ Հեռախոսազրույցի ընթացքում Աղաս Մանուկյանը, իրեն բնորոշ հումորով, դերասանուհուն ասել է, որ ճամպրուկը շատ չդատարկի, քանի որ կրկին մեկնելու են։
«Անկեղծ ասած՝ սկզբում մտածեցի, որ կատակում է, կամ գուցե ինչ-որ հաղորդման հյուր է։ Նույնիսկ հարցրի՝ «Աղա՛ս, հաստա՞տ հումոր չես անում»։ Բայց նա շատ վստահ պատասխանեց, որ մեկնում ենք Հունաստան՝ սիթքոմի նկարահանումների, և այդ կերպարում հենց ինձ է պատկերացնում։
Իհարկե, շատ ուրախացա։ Հատկապես հաճելի էր գիտակցել, որ դեռ սցենարի ստեղծման փուլում արդեն հստակ պատկերացրել էին ինձ այդ դերում։ Դա ինձ համար և՛ մեծ վստահություն էր, և՛ պատասխանատվություն։ Երբ մի փոքր ներկայացրին կերպարս ու պատմությունը, մեծ սիրով համաձայնեցի։ Երկար մտածելու կարիք էլ չեղավ»,- պատմել է դերասանուհին։

Նրան ոգևորել է ոչ միայն նոր կերպար մարմնավորելու հնարավորությունը, այլև Հունաստանում նկարահանվելու հեռանկարը։ Մարինկայի խոսքով՝ իր տեղեկություններով՝ սա առաջին հայկական սիթքոմն էր, որի նկարահանումներն իրականացվում էին եվրոպական քաղաքում։
Հունաստանում անցկացրած 25 օրերը դերասանուհու համար եղել են հագեցած ու հիշարժան։ Ամենամեծ դժվարությունը հայրենիքից, տնից ու հարազատներից հեռու լինելն էր, սակայն ստեղծագործական թիմի մտերմությունը մեղմել է կարոտը։ Մարինկայի խոսքով՝ իրենք մինչև այդ արդեն շուրջ 20 օր միասին անցկացրել էին նախորդ նկարահանումների ընթացքում և հասցրել էին այնքան մտերմանալ, որ դարձել էին մեկ ընտանիքի պես։
«Նույնիսկ կատակում էինք, որ վերջին երկու ամսում իրար ավելի շատ ենք տեսել, քան մեր ընտանիքի անդամներին։ Եվ, անկեղծ ասած, այդ կատակի մեջ ճշմարտության մեծ բաժին կար։

Իհարկե, աշխատանքային գրաֆիկը բավական լարված էր։ Պատկերացրեք՝ ընդամենը 25 օրում պետք է հասցնեինք նկարահանել 16 սերիա։ Դա մեծ աշխատանք էր և պահանջում էր բոլորիս կենտրոնացվածությունն ու պատասխանատվությունը։ Բայց, բարեբախտաբար, ամեն ինչ շատ լավ անցավ, և առանձնապես լուրջ դժվարություններ չունեցանք»,- պատմել է դերասանուհին։
Նկարահանման հրապարակում զվարճալի դրվագները շատ են եղել, և դերասանուհին դժվարանում է առանձնացնել դրանցից որևէ մեկը։ Նա հիշում է, որ թիմի անդամները հաճախ հավաքվում էին նույն սենյակում՝ միասին սուրճ խմելու, իսկ երբ որևէ մեկին ինչ-որ բան էր անհրաժեշտ լինում, մյուսներն անմիջապես օգնության էին հասնում։
Մարինկայի խոսքով՝ հենց այդ մարդկային ջերմությունն ու փոխադարձ աջակցությունն են նկարահանումները դարձրել հաճելի ու հիշարժան՝ հատկապես հայրենիքից հեռու գտնվելու պայմաններում։








