Առևանգում, ինտրիգ և հումոր․ «Բոհեմ» թատրոնի նոր կատակերգությունը՝ «Բլեֆ»

12:50 • 19.10.26

«Բոհեմ» թատրոնում «Երիտասարդները՝ մեր ներկան» նախագծի շրջանակում հոկտեմբերի 23-ին տեղի կունենա «Բլեֆ» կատակերգության պրեմիերան։  Ինտրիգներով լի պիեսի հեղինակը և բեմադրողը Գարիկ Միրզոյանն է, ներկայացման պրոդյուսերը Քրիստինա Հովհաննիսյանն է։ Այս օրերին թատրոնում ակտիվ փորձեր են ընթանում, որոնցից մեկին ներկա գտնվեց նաև Tert.am Life-ը։

«Այս ներկայացումը նոր ոճի է՝ ավելի շատ ֆիլմի նման է բեմադրված։ Գլխավոր հերոսն իր կնոջ ազդեցության ներքո է։ Ամուսինները, սկզբում մարդ առևանգելով, փորձում են հարստանալ, բայց իրավիճակը փոխվում է։ Ներկայացման գաղափարն առաջացել է պատահաբար՝ ֆիլմերից մեկը նայելիս, բայց զուտ միայն միտքը»,-նշեց բեմադրիչը։

Ըստ սցենարի՝ Համիկ ու Հասմիկ Երիցյանները առևանգում են երեք կնոջ, բայց շուտով պարզվում է, որ երեքն էլ ունեն ընդհանուր կապ։
Սկսում են զավեշտալի իրավիճակներ, անսպասելի բացահայտումներ և հումորային արկածներ։

Գլխավոր հերոսի դերում Արտյոմ Կարապետյանն է, որն անկեղծորեն խոստովանեց, որ պրեմիերայից առաջ լարվում է։

«Ներկայացման ձևաչափով բեմում շատ քիչ եմ եղել, վախենում եմ բեմում մոռանալ սցենարը, բայց այս նախագիծը, կարծես, հիանալի պահի իրականություն դարձավ։ Այս տարի ձմռանը նկարահանվում էի մի ֆիլմում, որտեղ ծանոթացա Նարեկ Դուրյանի հետո և մի քանի օրից ստացա այս ներկայացման հրավերը, ինչը շատ ուրախալի էր»,- ասաց նա։

Արտյոմին բեմում շատ է աջակցում դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, որը նշեց՝ իրենց համատեղ աշխատանքը դեռևս սիրելի է եղել համատեղ սիթքոմից․  «Նշեմ նաև, որ այս թատրոնի յուրահատկությունն ուրիշ է, ես էլ այստեղ առաջին անգամ պետք է հանդես գամ։ Շատ ուրախ եմ, որ բեմադրիչ Գարիկի հետ նաև փորձերին ներկա է պարոն Դուրյանը, դա գերագույն հաճույք է։ Նա ամեն մանրուքի վրա աշխատում է, ինչը կարևոր է դերասանի համար»։

Գլխավոր հերոսի կնոջ դերում Քնարիկ Զաքարյանն է, նրա խոսքով՝ իր կերպարը շատ  հետաքրքիր փոփոխությունների է ենթարկվում․ «Կին, որը շատ վստահ է, որ ամուսինն իրեն շատ է սիրում, պատրաստ է կատարել իր բոլոր քմահաճույքները, բայց պարզվում է, որ նրա համար ինքը մի գրոշ էլ չարժի, որքան էլ սա տխուր հնչի»։

Սիրուհիներից մեկի կերպարում Տաթև Պետրոսյանն է, որի դերի համար սզկբում նախատեսվել է երկու դերասանուհի․ «Ես տվայտանքների մեջ էի, սպասում էի հաստատման զանգին, հետո մտածում էի, թե կարո՞ղ է ինձ չեն ընտրել, բայց ի վերջո ստացա զանգը։ Տաղանդավոր թիմ է, շատ հաճելի է պրոֆեսիոնալ մարդկան հետ բեմում լինել»։

«Բլեֆ» նոր կատակերգությամբ դերասանուհի Արփինե Իսրայելյանը տարիների դադարից հետո վերադառնում է բեմ․ «Շատ անհամբեր եմ սպասում պրեմիերային, իսկ կերպարս շատ գունավոր է, տարբերվող, նման կերպարում ինձ դեռ ոչ ոք չի տեսել»։