Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes-ի Beacon Award մրցանակին
Դերասան Սամվել Թադևոսյանը կարժանանա Golden Globes-ի Beacon Award հատուկ մրցանակին։ Նա ընդգրկվել է հոկտեմբերի 23-24-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք առաջին Golden Globes Silk Road Tribute Gala-ի շրջանակում պարգևատրվող կինոյի և հեռուստատեսության վեց գործիչների ցանկում։
Golden Globes-ի հաղորդմամբ՝ ընտրված վեց գործիչները ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Նրանք կպարգևատրվեն երեք անվանակարգերում՝ Golden Globes Meridian Award, Golden Globes Trailblazer Award և Golden Globes Beacon Award։

Beacon Award մրցանակը շնորհվում է տարածաշրջանի խոստումնալից արտիստներին, որոնք ներկայացնում են կինոյի և հեռուստատեսության նոր սերունդը։
Այս մրցանակին կարժանանան Հայաստանից Սամվել Թադևոսյանը և Ղազախստանից դերասանուհի Շուղիլա Էսենը։
Golden Globes-ը նշում է, որ Սամվել Թադևոսյանը հայտնի է կինոյում, հեռուստատեսությունում և թատրոնում իր դերակատարումներով։
![]()
«Կյանք ու կռիվ» պատերազմական դրամայում գլխավոր դերը դերասանին համազգային ճանաչում է բերել։ Այդ աշխատանքի համար նա արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակի։
Թադևոսյանը հաջողություններ է գրանցել նաև թատրոնում՝ մասնավորապես հանդես գալով «ԷգոԻՍՏ» մոնոներկայացման մեջ։








