Հունգարական կինոյի օրեր Երևանում․ երկու ֆիլմ՝ տարբեր ժամանակների ու մարդկային պատմությունների մասին
Հոկտեմբերի 13-ին և 14-ին Հայաստանի ազգային գրադարանում կանցկացվեն Հունգարական կինոյի օրերը։ Կինոսերները հնարավորություն կունենան դիտելու երկու ֆիլմ, որոնք անդրադառնում են տարբեր ժամանակաշրջանների խնդիրներին, մարդկային պայքարին և արդարության որոնմանը։
Հունգարական կինոյի օրերի շրջանակում երևանյան հանդիսատեսին կներկայացվեն «Սեմմելվայս» պատմական դրաման և «Թոռը» դրամատիկ թրիլերը։

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18։00-ին, կցուցադրվի ռեժիսոր Լայոշ Կոլտայի «Սեմմելվայս» ֆիլմը։ Այն պատմում է հունգարացի բժիշկ Իգնաց Սեմմելվայսի մասին, որը 1847 թվականին Վիեննայի ծննդատներից մեկում փորձում է բացահայտել մահացու հետծննդաբերական տենդի պատճառները։ Իր հայտնագործությունն ապացուցելու ճանապարհին բժիշկը ստիպված է հակադրվել ժամանակի բժշկական պատկերացումներին և պայքարել իր համոզմունքների համար։

Հոկտեմբերի 14-ին՝ նույնպես ժամը 18։00-ին, հանդիսատեսին կներկայացվի օսկարակիր ռեժիսոր Քրիշտոֆ Դեակի «Թոռը» ֆիլմը։ Դրամատիկ թրիլերի գլխավոր հերոսը՝ Ռուդին, բախվում է ընտանեկան ցավալի իրավիճակի, երբ նրա տարեց պապիկը դառնում է հեռախոսային խարդախների զոհ։ Փորձելով գտնել մեղավորներին՝ սովորաբար հանդարտ ու բարեկիրթ երիտասարդը հայտնվում է մի ճանապարհի վրա, որը փոխում է նրան և ստիպում դուրս գալ իր սովորական կյանքի սահմաններից։

Երկու ֆիլմերն էլ ստեղծվել են Հունգարիայի Ազգային կինոինստիտուտի աջակցությամբ։
Ֆիլմերի ցուցադրությունները կանցկացվեն Հայաստանի ազգային գրադարանում՝ Տերյան 72 հասցեում։ Ֆիլմերը կցուցադրվեն հունգարերենով՝ հայերեն և անգլերեն ենթագրերով։ Մուտքն ազատ է՝ նախապես գրանցմամբ։
Հունգարական կինոյի օրերը հնարավորություն են բացահայտելու եվրոպական կինոյի տարբեր պատմություններ՝ մի դեպքում հետևելով բժշկի պայքարին՝ հանուն գիտության և մարդկային կյանքի, մյուս դեպքում՝ արդարություն փնտրող երիտասարդի անձնական ճանապարհին։








