Կայացավ «Նոր տարվա կինո 2» կամ «Հարսնացուն Ամերիկայից» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)

21:42 • 06.11.26

Սիրո, ընկերության, երազանքների ու չմարող հույսի մասին պատմող «Հարսնացուն Ամերիկայից» կամ «Նոր տարվա կինո 2» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել Tert.am Life-ը։

Ֆիլմի կենտրոնում մի քանի պատմություններ են, որոնք աստիճանաբար միահյուսվում են։ 

Հերոսներից յուրաքանչյուրն իր երազանքն ունի, սակայն նրանց ճանապարհները տանում են դեպի մի ընդհանուր ճշմարտություն․ սերը սահմաններ չի ճանաչում, իսկ երազանքները կարող են իրականություն դառնալ։

Ֆիլմի գլխավոր ուղերձը, ռեժիսոր Ելենա Արշակյանի խոսքով, շնորհակալ լինելն է։ Նա կարևորել է նաև անցյալը հիշելու և սեփական արմատները չմոռանալու գաղափարը։

«Ես միշտ նկարահանելու եմ ֆիլմեր, որոնցում ասելիք կունենամ։ Իմ բողոքը, մտքերն ու տեսլականն արտահայտում եմ ֆիլմերի միջոցով։ Այս ֆիլմի ուղերձը շատ պարզ էր, և ինձ համար ամենակարևորն այն էր, որ հանդիսատեսը դահլիճից դուրս էր գալիս լուռ ու մտքերով։ Հիշելով մեր անցյալը՝ միայն այդպես կարող ենք առաջ շարժվել»,- նշել է ռեժիսորը։

Ելենա Արշակյանը խոստովանել է, որ առաջին ֆիլմի հաջողությունից հետո երկրորդ մասի ստեղծումը որոշակի ռիսկ էր պարունակում, սակայն ստեղծագործական կազմը դեռ ասելիք ուներ։

«Երբ «Նոր տարվա կինո 1»-ը մեծ հաջողություն ունեցավ, բավականին վտանգավոր էր երկրորդ մասը նկարահանելը։ Բայց թեման դեռ ավարտված չէր, մենք ասելիք ունեինք և որոշեցինք շարունակել պատմությունը։ Կարծում եմ՝ այս ֆիլմն արդեն կունենա իր կյանքն ու կենսագրությունը»,- ասել է նա։

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանն էլ պատմել է, որ երկրորդ մասի գաղափարը ծնվել է առաջին ֆիլմի՝ Հայաստանում և Միացյալ Նահանգներում ունեցած արձագանքներից հետո։ Չնայած սկզբնական ոգևորությանը՝ որոշումից հետո ստեղծագործական թիմը նաև մտավախություններ է ունեցել։

«Երբ որոշեցինք նկարահանել երկրորդ մասը, միանգամից վախեցանք։ Առաջին ֆիլմը ստեղծելիս մեր նպատակը պարզապես ամանորի կինո նկարելը չէր։ Մենք գաղափար ունեինք, թե ինչ ենք ուզում ասել մարդկանց, և մտածում էինք՝ ինչպես դա ավելի լավ տեղ հասցնել։ 

Ինձ համար հատկապես հուզիչ են 2020 թվականի այն նամակները, որոնք ուղարկվում էին դիրքեր՝ «Արի ամուսնանանք» առաջարկով։ Կարծում եմ՝ միշտ պետք է ասենք, որ հիշում ենք, շնորհակալ ենք և երբեք չենք մոռանա»,- նշել է սցենարիստը։

Անահիտ Մխիթարյանի խոսքով՝ ֆիլմում պահպանվել է նախորդ մասից ծանոթ տրամադրությունը․ ուրախ ու սիրային պատմությանը հաջորդում է հուզիչ ավարտը, որը հնարավորություն է տալիս հանդիսատեսին ավելի խորությամբ ընկալել հեղինակների ասելիքը։ Նրա ցանկությունն է, որ մարդիկ զգան նաև պատմության տողատակերում թաքնված ուղերձը։

Ֆիլմում Հայկի կերպարը մարմնավորած Նվեր Սուքիասյանը նրան բնութագրում է որպես երազկոտ, ընկերասեր և նպատակասլաց մարդու, որի գլխավոր ցանկությունն ընկերոջն օգնելն է՝ անկախ հանգամանքներից։

«Հայկը երազկոտ կերպար է և երազում է օգնել իր ընկերոջը՝ ինչ գնով էլ լինի։ Առաջին հերթին նա նպատակասլաց է ու ընկերասեր։ Տարիքակիցներիս խորհուրդ եմ տալիս լինել Հայկի կերպարին բնորոշ»,- ասել է դերասանը։

Գլխավոր դերակատար Վարուժ Մարգարյանի խոսքով՝ ֆիլմը հանդիսատեսին սիրո հանդեպ ավելի մեծ հավատով է ճանապարհելու։ Դերասանի համոզմամբ՝ պետք է հավատալ մեծ սիրուն ու հրաշքներին՝ անկախ տարիքից և հանգամանքներից։

«Կարծում եմ՝ մարդիկ այս ֆիլմը դիտելուց հետո սիրո հանդեպ ավելի մեծ հավատով դուրս կգան դահլիճից։ Կհավատան, որ սեր կա, և որ այն կարող է մեծ լինել։ Պետք է հավատալ սիրուն, հավատալ հրաշքներին և անկախ տարիքից՝ գնալ սիրո հետևից այնպես, ինչպես դա անում է ֆիլմի հերոսը»։

Լիանա Վանոյանն էլ ընդգծել է, որ ֆիլմն ունի մեծ գաղափար, իսկ իր մարմնավորած կերպարը, պահպանելով իրեն բնորոշ բնավորությունն ու տրամադրությունը, այս անգամ հանդես է գալիս որոշակիորեն այլ ուղղվածությամբ։

«Իմ կերպարն այստեղ մի փոքր այլ ուղղվածություն ունի, սակայն պահպանել է իր բնավորության բոլոր գծերն ու տրամադրությունը։ Այն ամենը, ինչ նա անում է, բարի նպատակներով է։

Մարդու կյանքում պահ է գալիս, երբ նա մտածում է՝ եթե ինչ-որ բան չի կատարվում, ուրեմն այդպես չպետք է լինի։ Բայց եթե ցանկությունն իսկապես բարի է, և մարդն այն մեծ ուժով է ցանկանում, անպայման իրականություն կդառնա։ Այս ֆիլմում հրաշք կա, և ուզում եմ, որ այդ հրաշքը միշտ լինի բոլորի կյանքում»,- նշել է դերասանուհին։

«Նոր տարվա կինո 2»-ում նկարահանվել են Մկրտիչ Արզումանյանը, Անի Երանյանը, Վարուժ Մարգարյանը, Արմինե Պողոսյանը, Լիանա Վանոյանը, Վաչե Երիցյանը, Արթուր Կարապետյանը, Վիկտորյա Շամիրյանը, Նվեր Սուքիասյանը, Ռաքել Թերզյանը, Լիկա Մեսրոպյանն ու Արման Նավասարդյանը։