Կայացավ «Մnնթե» ֆիլմի պրեմիերան
Նոյեմբերի 25-ին՝ Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, «Կինոմոսկվա» կինոթատրոնում կայացավ նրա կյանքին ու անցած ուղուն նվիրված «Մոնթե» ֆիլմի պրեմիերան։ Այդ օրը Մոնթեն կդառնար 69 տարեկան։

Genetic Production-ի նկարահանած կենսագրական դրաման ներկայացնում է ոչ միայն Մոնթեին՝ որպես զինվորական հրամանատարի, այլև փորձում բացահայտել նրա մարդկային կերպարը՝ անձնական կյանքը, ընտանիքը, հարաբերություններն ու աշխարհայացքը։ Ֆիլմը հնարավորություն է տալիս Մոնթեին ճանաչել կյանքի տարբեր փուլերում՝ մանկությունից մինչև այն ճանապարհը, որով նա հասավ իր ազգային ինքնության գիտակցմանը։

Ֆիլմի սցենարի հիմքում իրական իրադարձություններ են, Մոնթեի նամակներն ու անձնական գրառումները, ինչպես նաև նրա կնոջ՝ Սեդա Մելքոնյանի պատմությունները։ Վերջինս ոչ միայն եղել է ստեղծագործական խմբի կարևորագույն տեղեկատվական աղբյուրը, այլև մասնակցել է սցենարի մշակմանը։
Ֆիլմի պրեմիերայի ընթացքում Genetic Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանն անդրադարձել է ֆիլմի ստեղծման ճանապարհին։
«Երբ առաջին անգամ ասացի, որ մեր երկրորդ ֆիլմը պետք է լինի Մոնթե Մելքոնյանի մասին, ոչ ոք չէր հավատում։ Հիմա ինքս չեմ հավատում, որ այս գեղեցիկ օրն ավարտվեց, և ֆիլմն արդեն պետք է թռչի իր ճանապարհով։ Մեր թիմի հետ շատ դժվար ճանապարհ ենք անցել, ու այսօր բավականին տարբեր հույզեր եմ ապրում։ Կան մարդիկ, որոնց անպայման պետք է շնորհակալություն հայտնեմ։ Առաջին հերթին՝ տիկին Սեդային՝ առանց որի մենք այս պատմությունը չէինք ունենա։ Շնորհակալ եմ մեզ վստահելու, մեր կողքին լինելու, իրական պատմությունը մեզ փոխանցելու և իր օրհնությունը տալու համար»,– ասել է Նոնո Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նկարահանումներն իրականացվել են Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Լիբանանում։ Ավելին՝ ստեղծագործական խումբը որոշ տեսարաններ նկարահանել է հենց իրական վայրերում։
«Լիբանանում, օրինակ, մի տեսարան նկարահանել ենք հենց տիկին Սեդայի հայրական տանը»,– պատմել է պրոդյուսերը։
Մոնթե Մելքոնյանի կերպարը մարմնավորող դերասան Վլադիմիր Մսրյանը խոստովանել է, որ կերպարի ուսումնասիրությունն իր համար դարձել է ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կարևոր փորձառություն։
«Նման մարդկանց հետ աշխատելը գերագույն հաճույք էր։ Առաջին հերթին ուզում եմ ընդգծել նրանց մարդկային որակները, որովհետև նման գործերն առանց մարդկային շփման և ներդաշնակության չեն ստացվում»,– նշել է դերասանը։

Խոսելով Մոնթեի կերպարը կերտելու դժվարությունների մասին՝ Մսրյանը նշել է, որ որքան ավելի խորն է ուսումնասիրել նրա անհատականությունը, բնավորությունն ու մտածողությունը, այնքան ավելի է համոզվել, թե որքան բացառիկ անձնավորության մասին է խոսքը։
«Որքան ավելի շատ եմ ուսումնասիրում Մոնթե Մելքոնյանին, նրա մարդկային տեսակը և բնավորության գծերը, այնքան ավելի եմ հասկանում, որ նման վառ անհատականության դեռ չեմ հանդիպել։ Նրա արտահայտչամիջոցները շատ ցայտուն ու բուռն էին, ինչը դերասանի համար բավականին բարդ խնդիր է»,– ասել է Մսրյանը։

Դերասանի խոսքով՝ Մոնթեի կերպարի վրա աշխատանքն իր կյանքը բաժանել է երկու մասի՝ մինչև այդ դերն ստանալն ու դրանից հետո։ Նա հույս է հայտնել, որ ֆիլմը ոչ միայն իր, այլև այն դիտող յուրաքանչյուր հայի կյանքում ինչ-որ բան կփոխի։
«Այս դերը, հույս ունեմ, ոչ միայն իմ կյանքում է ինչ-որ բան փոխելու, այլև շատ բան կփոխի յուրաքանչյուր հայի կյանքում, ով կդիտի ֆիլմը։ Կցանկանայի, որ ավելի մոտ լինենք Մոնթեի արժեքներին, իսկ դրանք հայրենասեր հայի արժեքներն են։ Նրա կերպարի ուսումնասիրության ընթացքում շատ բան եմ սովորել՝ փորձելով հասկանալ նրա մարդկային տեսակը, մտածողությունն ու հայրենիքը անմնացորդ սիրելու ձևը»,– ընդգծել է դերասանը։
Սեդա Մելքոնյանի կերպարը մարմնավորող Հռիփսիմե Նահապետյանի խոսքով՝ դերը միաժամանակ մեծ պատասխանատվություն և ուրախություն էր իր համար։
«Շատ պարտավորեցնող էր, բայց մեծ ուրախություն ապրեցի, երբ անցա քասթինգը և հաստատվեցի դերում։ Դժվարություններ, իհարկե, եղել են․ երբ փորձում ես և՛ նման լինել կերպարին, և՛ միաժամանակ չնմանակել նրան, այլ բնական մնալ կադրում։ Առանձնահատուկ տեսարաններ շատ կան։ Նկարահանման առաջին օրը հենց վերջին տեսարանն ենք նկարահանել։ Այն բավականին ծանր մթնոլորտ ուներ, և ամբողջ օրվա ընթացքում փորձում էի ինքս ինձ պատրաստել այդ դրվագին։ Հուսով եմ՝ հանդիսատեսին կհաջողվի փոխանցել այդ հույզերը»,– պատմել է Նահապետյանը։

Ֆիլմի ռեժիսոր Սուրեն Սաֆարյանը խոստովանել է, որ չի ակնկալում՝ աշխատանքը բոլորի կողմից միանշանակ ընդունվի, սակայն հույս ունի, որ այն կգտնի իր հանդիսատեսին։
«Ես այնքան միամիտ չեմ, որ կարծեմ՝ ֆիլմը բոլորին է դուր գալու, բայց շատ մեծ ցանկություն ունեմ, որ այդպես լինի։ Իմ գործը պատմություն պատմելն է, և կարող եմ ասել, որ այս պատմությունն այսպես եմ ներկայացրել։ Մոնթեի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը ծնվեց դեռևս «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմի աշխատանքներն ավարտելիս, երբ Նոնոն ասաց, որ հաջորդը ցանկանում է Մոնթեի մասին ֆիլմ նկարահանել»,– նշել է Սաֆարյանը։
Ռեժիսորի խոսքով՝ իր հիմնական ակնկալիքն է, որ հանդիսատեսը հավանի ֆիլմը, խորհուրդ տա այն դիտել նաև իր մտերիմներին, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ հնարավորություն ունենան ճանաչելու Մոնթեին։
«Ֆիլմն իր մեջ շատ կարևոր գաղափար է կրում՝ ճանաչել Մոնթեին։ Ես ինքս հասկացա, որ մինչև ուսումնասիրություններն սկսելը նրան այնքան էլ լավ չէի ճանաչում։ Եվ դա արդեն խոսում է Մոնթեի անհատականության ու մասշտաբների մասին։ Շատ դժվար է, երբ տարբեր հայացքներ ունեցող երկու մարդ սկսում են միասին աշխատել որևէ նյութի շուրջ, բայց տիկին Սեդայի հետ այդ դժվարությունները չեղան, մեր համագործակցությունը շատ համերաշխ ու հետաքրքիր էր»,– ասել է ռեժիսորը։
Հատկանշական է նաև Խորեն Լևոնյանի մասնակցությունը ֆիլմին․ դերասանը «Մոնթե»-ում կրկին մարմնավորում է Վազգեն Սարգսյանին՝ վերադառնալով այն կերպարին, որը կերտել էր Genetic Production-ի նախորդ՝ «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում։ Այսպիսով՝ երկու ֆիլմերում Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորել է նույն դերասանը՝ ստեղծելով յուրօրինակ շարունակականություն։

Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Վլադիմիր Մսրյանը՝ Մոնթե Մելքոնյանի, Հռիփսիմե Նահապետյանը՝ Սեդա Մելքոնյանի, և Խորեն Լևոնյանը՝ Վազգեն Սարգսյանի կերպարներում։ Դերասանական կազմում են նաև Դավիթ Թադևոսյանը, Սամվել Թոփալյանը, Ռոզի Ավետիսովան և այլք։
«Մոնթե» ֆիլմի ստեղծման պատմությունն ու ստեղծագործական խմբի ներկայացրած դրվագները ևս մեկ անգամ ընդգծում են, որ էկրանին ներկայացվող պատմությունը միայն մարտական ուղու մասին չէ։ Այն նաև մարդու, նրա արժեքների, ընտանիքի և հայրենիքի հանդեպ ունեցած անսահման նվիրումի մասին է։
Հեղինակ՝ Անի Ավետիսյան






















