Ընթրիք հիմարի հետ․ Ֆրանսիս Վեբերի դասական պիեսը՝ նորովի (լուսանկարներ)

15:48 • 14.10.26

Միամիտ թվալը դեռ չի նշանակում, որ մարդը հիմար է։ Այս գաղափարի շուրջ է կառուցված ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսիս Վեբերի «Ընթրիք հիմարի հետ» հայտնի ստեղծագործությունը, որի նոր բեմադրության պրեմիերան հոկտեմբերի 13-ին կայացել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։

Արման Սարգսյանի բեմադրությամբ դասական ստեղծագործությունը ստացել է ժամանակակից շունչ՝ պահպանելով իր հիմնական ասելիքը։ Ներկայացման գլխավոր դերերում հանդես են եկել Սոս Ջանիբեկյանն ու Մհեր Մխիթարյանը։ Բեմում են եղել նաև Տարոն Իսպիրյանը, Մարիամ Ադամյանը, Լևոն Հախվերդյանը, Լուիզա Մելքոնյանն ու Արթուր Մանուկյանը։

Tert.am Life-ի հետ զրույցում ներկայացման բեմադրիչ Արման Սարգսյանը նշել է, որ դերասանական կազմն ընտրելիս յուրաքանչյուրին միանգամից պատկերացրել է իրենց դերում։ Նրա խոսքով՝ սկզբում մտադրություն է եղել ստեղծագործության հիման վրա ֆիլմ նկարահանել, սակայն որոշել է նախ այն բեմադրել։

Արմանը նշել է, որ չորս ամիս աշխատել են պիեսը նորովի ներկայացնելու և մեր օրերին հարմարեցնելու ուղղությամբ։

Մհեր Մխիթարյանը պատմել է, որ առաջարկը ստացել է Արման Սարգսյանից, որի հետ նախկինում ևս աշխատել է տարբեր նախագծերում։ Դերասանի խոսքով՝ հաճելի է եղել աշխատել այս թիմի հետ։ Նա նշել է նաև, որ յուրաքանչյուր կերպարի մարմնավորմանը յուրովի է մոտենում, և իր գլխավոր նպատակներից մեկը մարդկանց ծիծաղեցնելն է։

Սոս Ջանիբեկյանն էլ ներկայացման կարևոր առանձնահատկություններից է համարել դասական ստեղծագործության արդիականացումը։ Tert.am Life-ի հարցին՝ արդյոք նմանություններ գտնում է իր և մարմնավորած կերպարի միջև, դերասանը պատասխանել է, որ մարդկանց ծաղրել կամ նրանց վերևից նայել չի սիրում։

Միևնույն ժամանակ, խոստովանել է, որ կյանքում եղել են իրավիճակներ, երբ որևէ մեկին թերագնահատել է, սակայն հետագայում այդ մարդը կարևոր դեր է խաղացել իր կյանքում։ Նրա խոսքով՝ հենց սա է նաև պիեսի առանցքային գաղափարներից մեկը։

Ներկայացման մեջ տեսուչի կերպարը մարմնավորած Տարոնը ներկայացումը հաջողված է համարում և վստահ է՝ հետագա խաղերի ընթացքում այն ավելի կհղկվի։

Մարիամ Ադամյանն էլ Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է, որ առաջարկը ստացել է պրոդյուսերից և մեծ սիրով համաձայնել մասնակցել նախագծին։

Դերասանուհու խոսքով՝ թիմում ձևավորվել է հաճելի և ջերմ աշխատանքային մթնոլորտ։

Դասական պատմության նոր բեմադրությունը ներկայացնում է այն ժամանակակից դիտանկյունից՝ հումորի միջոցով անդրադառնալով մարդկային փոխհարաբերություններին, ինքնավստահությանը և այլոց գնահատելու չափանիշներին։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան Լուսանկարիչ՝ Աքսաննա Ոսկանյան