Կուզեի, որ ավելի վաղ հավատայի ինձ և իմ ուժերին, ինչպես հիմա եմ անում. Ռոզի Ավետիսովա

17:27 • 27.11.26

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան այսօր նշում է ծննդյան օրը։ Տարիների ընթացքում կերտած կերպարները, մասնագիտական փորձն ու կյանքի տարբեր փուլերն իրենց ազդեցությունն են ունեցել նրա աշխարհայացքի և ինքնաճանաչման ճանապարհի վրա։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է ծննդյան օրվա առանձնահատուկ խորհրդի, իր մեջ տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների, դեռևս չմարմնավորած կերպարների և առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին։


«Յուրաքանչյուր ծննդյան օր ինձ համար շատ առանձնահատուկ է։ Կարևոր չէ՝ ինչպես ես այն նշում՝ տանն ես լինում ընկերներիդ հետ, մեծ շրջապատում, թե մեկնում ես հանգստի։ Միևնույն է, ծննդյան օրն ինձ համար միշտ հրաշքի սպասման խորհուրդ ունի»։

Անդրադառնալով տարիների ընթացքում իր մեջ տեղի ունեցած փոփոխություններին՝ դերասանուհին առանձնացրել է ինքնավստահության ձեռքբերումը։
«Ինձ թվում է՝ այս տարիների ընթացքում շատ-շատ բան է փոխվել։ Չկա մարդ, որի մ ժամանակի ընթացքում էվոլյուցիա տեղի չունենա՝ թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային առումով։ Ինձ համար ամենակարևոր փոփոխություններից մեկը ինքնավստահությունն է, որը գալիս է ժամանակի հետ։ Մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք ես բերում աշխատանքային հմտություններ, իսկ կյանքում՝ ապրելու հմտություններ։ Տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքները հետագայում օգնում են թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում»։


Անդրադառնալով այն կերպարներին, որոնց դեռ կցանկանար մարմնավորել, Ռոզի Ավետիսովան նշեց, որ իրեն հատկապես հետաքրքրում են գրական ստեղծագործությունների հերոսները։ Դերասանուհու խոսքով՝ այդ դերերը հնարավորություն կտան բացահայտելու իր դերասանական հնարավորությունների նոր կողմերը։
«Դեռ շատ կերպարներ կան, որոնց մարմնավորումը մեծ ուրախություն կլինի ինձ համար։ Դրանց թվում են նաև գրականությունից եկող կարևոր կերպարներ։ Դա հնարավորություն կտա ինքնաարտահայտվել այն կողմերով, որոնցով հանդիսատեսն ինձ դեռ չի տեսել։ Իսկ ինչ վերաբերում է արդեն մարմնավորած դերերին, չեմ կարող առանձնացնել որևէ մեկը և ասել, որ հենց այդ կերպարն է ինձ ամենամոտը։ Իմ բոլոր կերպարներում եղել են հատկանիշներ, որոնք համընկել են իմ բնավորության հետ, բայց միաժամանակ եղել են նաև այնպիսի գծեր, որոնք ինձ՝ որպես մարդու, բացարձակապես բնորոշ չեն»։

Անդրադառնալով երջանկության իր ընկալմանը՝ Ռոզի Ավետիսովան նշեց, որ ամենից շատ իրեն երջանկացնում է սիրելի մարդկանց ներկայությունն իր կյանքում։ Նրա համար կարևոր է ընտանիքի անդամներին առողջ ու լավ տեսնելը և նրանց հետ անցկացրած ժամանակը։ Դերասանուհին ընդգծեց, որ դրա համար պետք է ամեն օր շնորհակալ լինել Աստծուն և կյանքին։

Անցած ճանապարհին նայելով՝ Ավետիսովան խոստովանեց, որ կցանկանար ավելի վաղ հավատալ սեփական ուժերին։ Նա ինքնաճանաչումը համարում է երկարատև գործընթաց, որը կարող է նույնիսկ տասնամյակներ տևել։
«Կուզեի, որ ավելի վաղ հավատայի ինձ և իմ ուժերին, ինչպես հիմա եմ անում», – ասաց դերասանուհին՝ հավելելով, որ կյանքում ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին, երբ մարդն ինքը պատրաստ է դրան։


Խոսելով առաջիկա ստեղծագործական ծրագրերի մասին՝ Ռոզի Ավետիսովան հայտնեց, որ 2027 թվականի համար նախատեսված են ինչպես թատերական, այնպես էլ հեռուստատեսային նախագծեր։ Մանրամասները, սակայն, դեռևս չի կարող բացահայտել։ Դերասանուհու խոսքով՝ ծրագրերի մասին պետք է խոսել ճիշտ ժամանակին, իսկ առայժմ նախընտրում է չշտապել դրանց մասին հայտարարություններով: