Շպռոտը՝ մենահամերգի, ոճային փոփոխության և բաց հագուստից հրաժարվելու մասին (լուսանկարներ)

13:17 • 12.10.26

Երգչուհի Անի Թովմասյանը՝ Շպռոտը, երկար դադարից հետո Հայաստանում մենահամերգ է ունեցել։ Tert.am Life-ը ներկա է եղել համերգին և զրուցել երգչուհու հետ՝ խոսելով նրա ոճային փոփոխության, բեմական հագուստի ընտրության և նախկին կերպարից հրաժարվելու պատճառների մասին։

Տարիներ շարունակ Շպռոտը հայտնի է եղել իր համարձակ բեմական կերպարով, բաց հագուստով և էներգետիկ կատարումներով։ Սակայն այսօր նրա մոտեցումն արտաքին տեսքին ու բեմական կերպարին փոխվել է։ Երգչուհին նախընտրում է ավելի փակ հագուստ և ցանկանում է, որ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում լինեն ոչ թե իր արտաքինը, այլ ինքը՝ որպես արտիստ և իր երգերը։

«Նախկինում ավելի էպատաժային էի մտածում և փորձում էի հագուստս համապատասխանեցնել իմ կերպարին։ Այսօր էլ փորձում եմ բեմական տեսք ունենալ, բայց հագուստ ընտրելն ինձ համար ավելի դժվար է։ Այն պետք է լինի բեմական, գեղեցիկ, ինձ համապատասխանի, բայց միաժամանակ շատ բաց չլինի։ Բեմը, իհարկե, սիրում է բաց հագուստ, բայց ես ցանկանում եմ, որ մարդկանց ուշադրությունը գրավի ոչ թե մարմինս, այլ ես՝ որպես ստեղծագործող, Անին ու իմ երգերը»,- ասել է երգչուհին։

Շպռոտի խոսքով՝ հագուստ ընտրելիս ինքը չի առաջնորդվում ապրանքանիշերով։ Երգչուհին նշել է, որ բրենդամոլ չէ և նախապատվությունը տալիս է այն իրերին, որոնք իրեն դուր են գալիս։

«Եթե հագուստը շատ եմ սիրում, ինձ համար կարևոր չէ՝ ինչ բրենդի է կամ ընդհանրապես բրենդ է, թե ոչ։ Այսօր հագիս մի քանի իրերի ապրանքանիշերն անգամ չեմ հիշում»,- նշել է նա։ Երգչուհին նաև մանրամասնել է իր բեմական կերպարի արժեքը․ «Բաճկոնս արժեցել է մոտ 350 դոլար, իսկ զգեստը՝ շուրջ 500 դոլար։ Այլ ելույթների համար նախատեսված զգեստներից մեկն էլ ամերիկյան Oh Polly ապրանքանիշից է»։

Զրույցի ընթացքում Շպռոտն անդրադարձել է նաև բաց հագուստի և մարդու բնավորության ու արժեքների միջև կապին։ Նրա խոսքով՝ նախկինում ինքն էլ կարծում էր, որ հագուստը չի արտահայտում մարդու ներաշխարհը, սակայն տարիների ընթացքում իր տեսակետը որոշ չափով փոխվել է։

«Նախկինում ես էլ կհամաձայնեի, որ հագուստը կապ չունի մարդու արժեքների հետ։ Երբ բաց էի հագնվում, մարդիկ կարող էին մտածել, թե առօրյայում էլ եմ այդպես հագնվում, բայց իրականում կյանքում շատ ավելի խաղաղ ու հանգիստ մարդ էի, ավելի սպորտային։ Երևի բնավորության և հագուստի միջև ինչ-որ կապ կարող է լինել։ Բայց այս հարցում ես ինքս տարիներ շարունակ տուժել եմ և չեմ ուզում նեղացնել նրանց, ովքեր այսօր էլ նախընտրում են ավելի բաց բեմական հագուստ»,- ասել է երգչուհին։

Նրա խոսքով՝ ոճային փոփոխության հիմքում նաև հավատքն ու անձնական արժեքներն են։ Շպռոտը չի ցանկանում, որ իր բեմական կերպարն այնպիսի ազդեցություն ունենա երիտասարդների վրա, որը հակասում է իր այսօրվա համոզմունքներին։

«Այսօր որոշել եմ ավելի փակ հագնվել, որովհետև կարծում եմ՝ ժամանակին, երբ բաց էի հագնվում, հնարավոր է՝ շատ երիտասարդներ, ինձ տեսնելով, գայթակղվեին նրանով, ինչը հակասում է Աստվածաշնչին։ Չեմ ուզում ես այդ մարդը լինեմ։ Ամբողջ խնդիրը սա է»,- ընդգծել է նա։

Երգչուհին պատմել է նաև նախկին բեմական հագուստների ճակատագրի մասին։ Դրանցից մի քանիսը տվել է այն մարդկանց, որոնք ցանկացել են կրել դրանք, իսկ մյուսներից պարզապես ազատվել է, քանի որ այլևս չեն համապատասխանում իր ներկայիս սկզբունքներին։ Շպռոտի խոսքով՝ իր երաժշտությունը չի փոխվել, փոխվել է միայն այն կերպարը, որով նա ցանկանում է ներկայանալ հանդիսատեսին։

Նա խոստովանել է, որ ոճային փոփոխությունից հետո կորցրել է երիտասարդ ունկնդիրների մի մասին, որը սովոր էր իր նախկին՝ ավելի բաց բեմական կերպարին։ Այնուամենայնիվ, երգչուհին հույս ունի, որ ժամանակի ընթացքում նրանք կրկին կվերադառնան՝ ուշադրություն դարձնելով ոչ թե իր արտաքինին, այլ երաժշտությանը։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան

Լուսանկարիչ՝ Ռոբերտ Աբրահամյան