Մայք Թայսոնը՝ անցյալի դժվարությունների, կյանքի փոփոխությունների, նոր վավերագրական ֆիլմի մասին
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Մայք Թայսոնի կյանքը հայտնվել է ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 13-ին Netflix-ում կցուցադրվի TYSON չորս մասից բախկացած վավերագրական սերիալը, որը ներկայացնում է մարզիկի կյանքի վերելքներն ու անկումները՝ դժվար մանկությունից, մարզական փառքից մինչև անձնական ողբերգություններն ու կախվածությունների դեմ պայքարը։Այս մասին գրում է People-ը։
60-ամյա Թայսոնը PEOPLE ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ զարմացած է՝ մարդիկ դեռ շարունակում են հետաքրքրվել իր պատմությամբ։
«Պարզապես չեմ հասկանում՝ ինչու են նրանք դեռ ցանկանում իմանալ իմ մասին։ Իմ մասին արդեն այնքան վավերագրական ֆիլմեր են նկարահանվել։ Ուղղակի շատ բաների մասին վերհիշելն ինձ համար տհաճ է», — ասել է նա։
Սերիալն անդրադառնում է Թայսոնի կյանքի ամենաբարդ փուլերին։ Դրանց թվում են աղքատության մեջ անցած մանկությունը, դեռահաս տարիքում ունեցած ձերբակալությունները, ծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալը, հսկայական կարողություն վաստակելն ու կորցնելը, ինչպես նաև համաշխարհային ճանաչումը։ Վավերագրական ֆիլմում տեղ են գտել նաև նրա կյանքի ողբերգական դրվագները՝ մոր, մարզչի և չորսամյա դստեր մահը, թմրանյութի և ալկոհոլի կախվածության դեմ պայքարը, դերասանուհի Ռոբին Գիվենսի հետ ունեցած ամուսնությունը, նախկին գործընկերների ֆինանսական խաբեությունները, բռնաբարության մեղադրանքը և բանտում անցկացրած երկու տարին։

Թայսոնը նշել է, որ արդեն տասը տարի է՝ ալկոհոլ և թմրանյութ չի օգտագործում։ Թայսոնի կյանքի ամենահայտնի դրվագներից մեկը 1997 թվականին Էվանդեր Հոլիֆիլդի հետ մենամարտն է, որի ընթացքում նա երկու անգամ կծել էր մրցակցի ականջը։ Մարզիկը խոստովանել է, որ չի սիրում հիշել այդ միջադեպը։
«Շատերը կարծում էին, թե դա լավ արարք էր։ Ասում էին՝ հա, հիանալի էր։ Բայց ես դեռ ամաչում եմ», — ասել է նա։
Սերիալի առաջին դրվագը պատմում է Թայսոնի մանկության և բռնցքամարտում նրա առաջին քայլերի մասին։ 13 տարեկանում, անչափահասների ուղղիչ հիմնարկում մարզումների ժամանակ, նրա տաղանդը նկատել էր մարզիչ Կաս Դ’Ամատոն։ Նա Թայսոնին վերցրել էր իր հովանու ներքո, հետագայում դարձել նրա օրինական խնամակալը և թույլ տվել ապրել իր տանը։ Թայսոնի խոսքով՝ Դ’Ամատոն վճռորոշ դեր է ունեցել իր կյանքում։

«Նա ինձ վստահություն տվեց, ձևավորեց իմ բնավորությունը։ Ստիպեց հավատալ ինքս ինձ և իմ կարողություններին», — հիշել է բռնցքամարտիկը։
Նա հավելել է, որ մարզիչը միշտ խրախուսել է իրեն և օգնել հավատալ սեփական ուժերին։ Դ’Ամատոյի աջակցությամբ Թայսոնը կենտրոնացել է բռնցքամարտի վրա և հրաժարվել հանցավոր կյանքով ապրելու մտքից։ Մարզիչը մահացել է 1985 թվականին՝ 77 տարեկանում։ Թայսոնի խոսքով՝ հետագայում, երբ նա բախվել է ընկերների, մենեջերների դավաճանությանը, կողքին այլևս չի եղել այն մարդը, որը կարող էր պաշտպանել իրեն։
«Կասը միշտ պաշտպանում էր ինձ։ Նա կպաշտպաներ ինձ։ Բայց ես մարդ չէի, ես ապրանք էի։ Դա պրոֆեսիոնալ մարզիկի կյանքի մասն է․ նա չի կարող թույլ տալ, որ զգացմունքները խառնվեն գործին։ Կարևորը առաքելությունն է», — ասել է Թայսոնը։
Չնայած կյանքի դժվարություններին և սկանդալներին՝ մարզիկը պնդում է, որ անցյալի համար չի զղջում։ Նրա խոսքով՝ նույնիսկ բացասական թվացող իրադարձություններն օգնել են իրեն փոխվել։
«Այն ամենը, ինչ, այսպես ասած, բացասական էր, ինձ համար դրական արդյունք տվեց։ Ես շատ երախտապարտ եմ այդ ամենի համար, քանի որ դա ինձ ավելի լավ մարդ դարձրեց։ Երախտապարտ եմ ինձ հետ պատահած յուրաքանչյուր վատ բանի համար», — նշել է նա։
Այսօր Թայսոնը նախընտրում է ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
«TYSON» վավերագրական սերիալը Netflix-ում հասանելի կլինի հոկտեմբերի 13-ից։








