Սիդնի Սուինին և Մերիլին Մոնրոն ազգակցական կապ ունեն
«Էյֆորիա» սերիալի աստղ Սիդնի Սուինին և հոլիվուդյան լեգենդ Մերիլին Մոնրոն ոչ միայն արտաքին նմանություններ ունեն, այլև ազգականներ են։ MyHeritage-ի տոհմաբանական ուսումնասիրության համաձայն՝ դերասանուհիները իններորդ կարգի զարմուհիներ են։Այս մասին հայտնում է Page Six-ը։
Հետազոտության համաձայն՝ նրանց ազգակցական կապն անցնում է հայրական գծով։ Սուինիի հայրը՝ Սթիվեն Սուինին, և Մոնրոյի հայրը՝ Չարլզ Սթենլի Գիֆորդը, սերում են Էզրա Փերիից, որը 17-րդ դարում բնակվել է Մասաչուսեթս նահանգի Սենդվիչ քաղաքում։ Հաշվի առնելով, որ նրանց ընդհանուր նախնին ապրել է մի քանի դար առաջ, դերասանուհիների ազգակցական կապը բավական հեռավոր է։
Սուինին բազմիցս է արտահայտել իր հիացմունքը Մոնրոյի հանդեպ։ Դերասանուհին նախկինում ևս հարգանքի տուրք է մատուցել հոլիվուդյան լեգենդին։ 2025 թվականի դեկտեմբերին «Տան աղախինը» (The Housemaid) ֆիլմի պրեմիերային Սուինին կրել էր Galia Lahav-ի հատուկ պատվերով կարված զգեստ, որը հիշեցնում էր Մոնրոյի՝ The Seven Year Itch ֆիլմից հայտնի սպիտակ զգեստը։
Իսկ Governors Awards-ի կարմիր գորգին նա ներկայացել էր համարձակ սանրվածքով՝ հիշեցնելով Մոնրոյի՝ «Ջենտլմենները նախընտրում են շիկահերներին» (Gentlemen Prefer Blondes) ֆիլմի ժամանակաշրջանի կերպարը։









