Մենք ձեզ կարոտել էինք․ բարի գալուստ Գոյ. թատրոնը վերադարձել է բեմ՝ «Խելագարը» ներկայացմամբ (լուսանկարներ)
Երկար դադարից հետո «Գոյ» թատրոնի դերասանները կրկին միասին բեմ են բարձրացել՝ հանդիսատեսին ներկայացնելով «Խելագարը» բեմադրությունը։ Վերադարձը նշանավորվել է ոչ միայն նոր ներկայացմամբ, այլև տարիների ընթացքում կուտակված կարոտը, թատրոնի գաղափարներն ու ստեղծագործելու կամքը հանդիսատեսի հետ կիսելու ցանկությամբ։

«Մենք ձեզ կարոտել էինք, բարի գալուստ Գոյ»,- այս խոսքերով Արսեն Ազիզյանը դիմեց հանդիսատեսին՝ ներկայացումից առաջ բեմ բարձրանալով ու խոսելով թատրոնի անցած ճանապարհի, դժվարությունների և ապագա ծրագրերի մասին։

«Թատրոնը միայն շենքը չէ, և թատրոնում կարևոր է նաև այն կապը, որը ստեղծվում է բեմի և դահլիճի միջև»,- նշեց նա՝ ընդգծելով, որ թատրոնի գոյության հիմքում մարդիկ են, նրանց նվիրումն ու հանդիսատեսի հետ ստեղծվող կենդանի կապը։
Ազիզյանը հիշեցրեց նաև թատրոնի վարպետ ու ուսուցիչ Արմեն Մազմանյանի թողած ժառանգության մասին՝ նշելով, որ «Գոյ»-ի ստեղծագործական կազմը ցանկանում է շարունակել այն խոսակցությունը, որը սկսել է իր ուսուցիչը՝ աշխարհն ավելի գեղեցիկ դարձնելու ձգտումով։
«Այսօր մենք նորից հանդիպում ենք, որովհետև կա կամք, կա հավատ շարունակելու այն խոսակցությունը մեր հանդիսատեսի հետ, այն խոսակցությունը, որը սկսել է մեր վարպետը, մեր ուսուցիչը՝ Արմեն Մազմանյանը»,- ասաց նա։

Արսեն Ազիզյանն անդրադարձավ նաև այն ոստիկաններին ու քննիչներին, որոնք ներկա էին դահլիճում։ Նա նրանց առաջարկեց ծափահարել՝ նշելով, որ թատրոնի անցած ճանապարհի ընթացքում իրենց հարաբերությունները փոխվել են։
«Մենք նրանց շնորհիվ կարդացինք օրենսգիրքը, իսկ նրանք մեր շնորհիվ կարդացին Ստանիսլավսկու «Իմ կյանքն արվեստում» գիրքը»,- կատակեց նա։

Tert.am Life-ի հետ զրույցում Արսեն Ազիզյանը պատմեց, որ թատրոնը կրկին բեմ հասցնելու ճանապարհին ամենամեծ դժվարություններից մեկը կազմակերպչական ու տեխնիկական խնդիրներն են եղել։ Նախկինում թատրոնն ուներ իր տարածքը, որտեղ կարողանում էր փորձեր անցկացնել և ներկայացումներ կազմակերպել, իսկ այժմ ստեղծագործական կազմը ստիպված է հարմարվել նոր պայմաններին։
«Սկսած տարածք գտնելուց մինչև խաղալը՝ ամեն ինչ կապված է դժվարությունների հետ։ Օրինակ՝ երկուշաբթի օրը թատրոնի համար շահեկան օր չէ, բայց մենք որոշեցինք հենց այդ օրը խաղալ, որովհետև անպայման ուզում էինք, որ ներկայացումը կայանա»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Արսեն Ազիզյանը։

Նրա խոսքով՝ թատրոնի դերասանները տարբեր բեմերում ու ներկայացումներում շարունակել են իրենց աշխատանքը, սակայն միասին՝ հենց «Գոյ»-ի անունից, ստեղծագործելու կարոտը դրանով չէր լրացվում։
«Այստեղ կարոտը միասին լինելու, միասին գրիմանոցում փոխվելու, միասին բեմ բարձրանալու և այն էներգիան հանդիսատեսին փոխանցելու կարոտն էր, որը բեմից գնում է դահլիճ, հետո նաև վերադառնում մեզ։ Կարծում եմ՝ երեկվա մեր օրը կայացավ։ Այս ամբողջ գործընթացի գաղափարախոսությունը հենց կարոտն էր»,- ասաց նա։

Ազիզյանը պատմեց նաև, որ ոստիկանների ու քննիչների հետ շփումների ընթացքում նրանց միջև մարդկային կապ է ձևավորվել։ Նրա խոսքով՝ ինքը սիրով հրավիրել էր նրանց ներկայացմանը, իսկ ոմանք նույնիսկ իրենք էին ցանկություն հայտնել ներկա գտնվելու։
«Կարծում եմ՝ նրանք այդ էներգետիկան զգացին, հասկացան՝ ինչ է «Գոյ» թատրոնը և ինչի շուրջ է մեր պայքարը»,- նշեց նա։

«Գոյ»-ի վերադարձը նշանավորվեց իտալացի դրամատուրգ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» պիեսի հիման վրա ստեղծված «Խելագարը» ներկայացմամբ։ Բեմադրության ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը։
Հոկտեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում թատրոնի ներկայացուցիչները պատմել էին ստեղծագործության ընտրության և դրա արդիականության մասին։ Արսեն Ազիզյանի խոսքով՝ ստեղծագործական կազմը երկար ժամանակ պիեսներ էր փնտրում, հանդիպումներ ունենում ռեժիսորների հետ և տարբերակներ քննարկում, մինչև կանգ առավ Սամսոն Մովսեսյանի առաջարկած ստեղծագործության վրա։
«Ոստիկանական բաժանմունքը շատ լավ զուգահեռ էր մեր անցած ճանապարհի հետ։ Մենք բազմաթիվ դիտարկումներ ունեինք ոստիկանների ու ոստիկանական բաժանմունքի հետ կապված, իսկ պիեսի՝ ճշմարտության, դրա ձևափոխման ու անընդհատ վերաձևակերպման թեման հոգեհարազատ դարձավ մեզ։ Կարծում եմ՝ այսքան դադարից հետո ֆարսային ներկայացմամբ ներկայանալը ամենաճիշտ ընտրությունն էր»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց նա։

Պիեսը, որի հիմքում իրական իրադարձություններ են, սատիրայի և ֆարսի միջոցով անդրադառնում է ճշմարտության, իշխանության ու իրավապահ համակարգի փոխհարաբերություններին։ Ազիզյանի խոսքով՝ հենց թեմայի ընտրությունն արդեն որոշակի համարձակություն էր պահանջում, քանի որ ստեղծագործությունը գրվել է իտալական միջավայրի համար, սակայն բարձրացվող հարցերը շատ ավելի լայն են։
«Թեման ինքնին արդեն ռիսկային էր։ Բայց սա դրամատուրգիա է, և մենք հավաքվել ենք պրոֆեսիոնալ դրամատուրգիայի շուրջ»,- ասաց նա։
Միաժամանակ Ազիզյանը շեշտեց, որ «Գոյ»-ը չի պատրաստվում սահմանափակվել միայն կատակերգություններով։ Թատրոնի համար կարևոր է պահպանել փորձարարական ոգին, ազատությունն ու համարձակությունը՝ առաջիկայում անդրադառնալով նաև ավելի խոր գրական ստեղծագործությունների։

Արսեն Ազիզյանի խոսքով՝ թատրոնի նպատակը միայն հանդիսատեսին ծիծաղեցնելը կամ որոշակի զգացողություն փոխանցելը չէ։ Կարևոր է, որ ներկայացումը նաև մտածելու առիթ տա և հիշեցնի հասարակության մեջ առողջ հարաբերությունների ու ընդհանուր արժեքների կարևորության մասին։
«Կարմիր գծերը պիտի պահպանվեն անպայման, որպեսզի մենք ունենանք առողջ միջավայր։ Թիմային մտածողությունը շատ կարևոր է՝ թե՛ որպես թատրոն, թե՛ որպես քաղաք, երկիր ու համայնք։ Իսկ դրա համար մեզ պետք են բացարձակ ճշմարտություններ, որոնք կլինեն բոլորի համար»,- նշեց նա։

Ազիզյանը վստահ է, որ թատրոնի իրական մոգությունը ծնվում է բեմում և դահլիճում գտնվող մարդկանց միջև։ Այդ կապն է, նրա խոսքով, որ հնարավոր է դարձնում թատրոնի շարունակականությունը՝ անկախ արտաքին հանգամանքներից։
«Գոյ»-ը մտադիր է շարունակել ստեղծագործական աշխատանքը՝ նոր պիեսների ու ռեժիսորական ձեռագրերի շուրջ։ Արսեն Ազիզյանի խոսքով՝ առաջիկա ծրագրերի իրականացման ընթացքում թատրոնը կրկին պետք է հաղթահարի կազմակերպչական և տեխնիկական խնդիրները, սակայն դա չի փոխում ստեղծագործելու ցանկությունը։

«Մենք հիմա նորից կհավաքվենք, նոր պիեսի շուրջ կսկսենք մեր մտորումներն ու որոնումները և, հաղթահարելով տեխնիկական խնդիրները, կրկին կբարձրանանք բեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց նա։
«Խելագարը» ներկայացման մեջ խաղում են Սամսոն Ստեփանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Սամվել Թոփալյանը, Գուրգեն Սարգսյանը, Վաչե Երիցյանն ու Նարինե Պետրոսյանը։ Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը։

«Գոյ»-ի վերադարձը, այսպիսով, ոչ միայն նոր բեմադրության մեկնարկ է, այլև ստեղծագործական թիմի՝ միասին մնալու, իր ասելիքը շարունակելու և հանդիսատեսի հետ կապը վերականգնելու փորձ։
«Խելագարը» ներկայացման հաջորդ ցուցադրությունը նախատեսված է դեկտեմբերի 1-ին։















Հեղինակ ՝ Անի Ավետիսյան
Լուսանկարիչ ՝ Աքսաննա Ոսկանյան








