Նախկինում Օբամային սատարող Բեն Աֆլեքը բացառել է քաղաքական կարիերան

14:36 • 12.10.26

Դերասան Բեն Աֆլեքը չի պատրաստվում քաղաքական պաշտոնի համար առաջադրվել։ Նա քաղաքական գործիչ դառնալու գաղափարը որակել է որպես սարսափելի՝ նշելով, որ քաղաքականությունն իրեն չի գրավում։Այս մասին գրել է Fox News-ը։

Աֆլեքը նոր՝ Animals ֆիլմում մարմնավորում է Լոս Անջելեսի քաղաքապետի թեկնածուի։ Նրա խոսքով՝ քաղաքականությունը հաճախ դառնում է բարոյական փոխզիջումների մասին պատմող այլաբանությունների թեմա, քանի որ այդ ոլորտում բախվում են մարդու իդեալներն ու իրական վարքագիծը։ «Քաղաքականությունը շատ ընկճող աշխարհ է։ Դա էժանագին է, և ինձ բնավ չի գրավում»,- ասել է դերասանը։

Աֆլեքը նաև հրաժարվել է հայտնել, թե ում է սատարելու նոյեմբերին կայանալիք Լոս Անջելեսի քաղաքապետի ընտրություններում։ Նա նշել է, որ նախընտրում է չեզոքություն պահպանել առնվազն մինչև ֆիլմի էկրան բարձրանալը՝ չցանկանալով իր աջակցությամբ ազդել թեկնածուների հնարավորությունների վրա։ Դերասանն անդրադարձել է նաև քաղաքականության նկատմամբ հասարակության վերաբերմունքին։

Նա նշել է, որ քաղաքականության մեջ պահանջների ընդհանուր նշաձողն այնքան է իջել, որ մարդիկ հաճախ պարզապես փնտրում են մեկին, ով ուղիղ կխոսի իրենց հետ։ Աֆլեքի խոսքով՝ անկախ քաղաքական հայացքներից՝ հասարակության շրջանում կա այն զգացումը, որ գործող համակարգը չի արդարացնում սպասելիքները։

Քաղաքապետի թեկնածուի դերը մարմնավորելը դերասանին հնարավորություն է տվել պատկերացում կազմել քաղաքական գործունեության դժվարությունների մասին։ Նա նշել է, որ պաշտոն զբաղեցնելը բարդ աշխատանք է, իսկ նախընտրական քարոզարշավը պահանջում է մշտապես գումար հայթայթել։

Աֆլեքը պատմել է, որ ինքն ու ֆիլմում իր նախընտրական շտաբի ղեկավարին մարմնավորող դերասանը մի օր վերցրել են իր կերպարի անունով շապիկներն ու գլխարկները և դուրս եկել Լոս Անջելեսի փողոցներ՝ ներկայանալով որպես քաղաքապետի թեկնածու։

Անցորդները հետաքրքրություն են ցուցաբերել և սելֆիներ խնդրել։ Աֆլեքը պաշտոն զբաղեցնելը որակել էր որպես սարսափելի աշխատանք՝ խոստովանելով, որ հիասթափված է քաղաքական համակարգից, քաղաքական գործիչներից և ոլորտի գործելակերպից։

Դերասանը նախկինում ակտիվորեն մասնակցել է քաղաքական քարոզարշավների՝ աջակցելով տարբեր թեկնածուների, այդ թվում՝ Ալ Գորին և Բարաք Օբամային։ Այժմ, նրա գնահատմամբ, քաղաքականությունը մեծապես կախված է ֆինանսական միջոցներից, կարճ ու տպավորիչ արտահայտություններից և մրցակիցներին վարկաբեկելու փորձերից։ Նա կարծում է, որ գնալով ավելի հեշտ է դառնում ձայներ հավաքել՝ դիմելով մարդկանց վատագույն կողմերին, քան նրանց լավագույն հատկանիշներին։