Ո՞ւր գնալ հանգստյան օրերին․ հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանում անցկացվող մշակութային միջոցառումները

15:28 • 09.10.26

Հոկտեմբերի 10-ին և 11-ին Երևանի թատրոններում և օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդիսատեսին սպասում են տարբեր ներկայացումներ։ Շաբաթ և կիրակի օրերին կարելի է դիտել «Կարմեն» օպերան, «Գայանե» բալետը, ինչպես նաև «Տիկնայք և պարոնայք» և «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացումները։

Շաբաթ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերան։ Չորս գործողությամբ բեմադրության երաժշտական ղեկավարն ու դիրիժորը Կարեն Դուրգարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Արմեն Մելիքսեթյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Դավիթ Մինասյանը։ Ներկայացման ընդհանուր տևողությունը 3 ժամ 10 րոպե է՝ մեկ ընդմիջումով։

Նույն օրը՝ ժամը 19:30-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կցուցադրվի «Տիկնայք և պարոնայք» կատակերգությունը։ Սիրային խառնաշփոթներով, անմեղ դավաճանության փորձերով և զավեշտալի իրավիճակներով լի ներկայացումը խոստանում է թեթև ու զվարճալի երեկո։

Կիրակի՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-ին, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը։ Երեք գործողությամբ բեմադրության ռեժիսորը Վիլեն Գալստյանն է, նկարիչը՝ Մինաս Ավետիսյանը, զգեստների նկարիչը՝ Ռուբինե Հովհաննիսյանը։ Բալետի ընդհանուր տևողությունը 2 ժամ 25 րոպե է՝ երկու ընդմիջումով։

Կիրակի երեկոյան՝ ժամը 19:30-ին, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու «Ֆիգարոյի ամուսնությունը» կատակերգությունը։ Այն պատմում է կոմսի մասին, որը սիրահարվում է իր կնոջ սպասուհուն՝ Սյուզաննային։ Սյուզաննայի ապագա ամուսինը՝ Ֆիգարոն, փորձում է խոչընդոտել կոմսի ծրագրերին, ինչի հետևանքով զարգանում են մի շարք զավեշտալի իրադարձություններ։