Միշոն իմ սիրելի արտիստներից է. yellowheart.-ը՝ դուետի մասին

18:23 • 08.10.26

Ռեփեր Միշոն և yellowheart.-ը համատեղ երգ են ներկայացրել՝ «Կ/ԵՍ»։ Երգի ստեղծման գաղափարը վաղուց էր ձևավորվել, սակայն համագործակցության իրականացմանը նրանք ավելի քան մեկ տարի են սպասել։

yellowheart.-ի խոսքով՝ Միշոյի հետ միասին ստեղծագործելու ցանկությունն ավելի շատ զգացում էր, քան կոնկրետ գաղափար։ Նա նշում է, որ Միշոն իր սիրելի արտիստներից է, նաև շատ սիրելի տեքստերի հեղինակ, ուստի իրենց համագործակցությունը վաղուց էր սպասված։

«Մեզ համար կարևոր էր, որ սա պարզապես հերթական համագործակցությունը չլիներ։ Ցանկանում էինք, որ մեր համատեղ երգը լինի այնպիսին, ինչպիսին մարդիկ կարող էին պատկերացնել։ Եթե ինչ-որ մեկը երբևէ մտածել է, թե ինչպիսին կլինի yellowheart.-ի և Միշոյի երգը, ինչի մասին կլինի և ինչ տրամադրություն կունենա, այդ պատկերացումը պետք է արդարացված լիներ։ Կարծում եմ՝ երգը շատ բնական և էմոցիոնալ է։ Երբ առաջին անգամ երգը լսեցի և պատկերացրի Միշոյին դրա մեջ, իսկ հետո ստացա նրա ձայնագրությունը, շատ ուրախացա։ Նա շատ մանրակրկիտ և նրբանկատ է մոտեցել իր հատվածին, և ինձ համար դա շատ կարևոր էր»։

yellowheart.-ը խոստովանում է՝ իրեն հետաքրքրել է նաև Միշոյի երաժշտական ճաշակը բացահայտելը։

«Ինձ համար շատ հաճելի էր տեսնել նրա երաժշտական նախընտրությունը։ Չէի սպասում, որ Միշոն այդքան շատ հայկական ալտերնատիվ և ինդի երաժշտություն է լսում։ Շատ ուրախացա դա տեսնելով, որովհետև հետաքրքիր էր հասկանալ՝ ինչ երաժշտություն է նա լսում և ինչն է իրեն ոգեշնչում»։

Երգի ստեղծման ամենահետաքրքիր փուլերից մեկը yellowheart.-ի համար Միշոյի հատվածին սպասելն էր՝ հասկանալու, թե նա ինչ ուղղությամբ կտանի իր ստեղծագործական մասը։

«Ինձ համար ամենահետաքրքիր փուլերից մեկը հենց սպասելն էր՝ տեսնելու, թե Միշոն ինչ կստեղծի, ինչ կգրի և դեպի ուր կտանի իր հատվածը։ Երգի մեջ կարևոր պատմություն կա։ Սկզբում նույնիսկ ինքս ամբողջությամբ չէի հասկանում՝ ինչի մասին եմ գրել։ Հատկապես իմ հատվածի առաջին մասը կարծես ուղղակիորեն իմ մասին չէր։ Բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ երգի պատմությունն իրականում շատ հարազատ մարդու մասին է և ինձ համար շատ հարազատ պատմություն է։ Երգը բազմաթիվ հոգեբանական շերտեր ունի։ Ես շատ եմ մտել այդ թեմայի մեջ, զգացել եմ այն նաև իմ կյանքում և տեսել կողքիս մարդկանց պատմություններում։ Շատ հաճախ մանկության տարիներին մենք չենք ստանում այն, ինչ ցանկանում ենք, կամ չենք ստանում այնքան, որքան մեզ պետք է։ Այդ բացը մեծ տարիքում փորձում ենք լրացնել տարբեր ձևերով և տարբեր մարդկանց միջոցով։ Կարծում եմ՝ շատ մարդիկ կկարողանան իրենց գտնել այս պատմության մեջ, որովհետև այն վերաբերում է այն ամենին, ինչի կարիքն ունեցել ենք կամ ինչի մասին ժամանակին պատկերացրել ենք, որ պետք է ունենայինք»։

yellowheart.-ի խոսքով՝ երգի հիմնական ուղերձներից մեկն այն է, որ մարդն ի սկզբանե ամբողջական է և պարտադիր չէ, որ մեկ ուրիշը գա իրեն լրացնելու։

«Կյանքի ընթացքում կարող ես հանդիպել մեկին, ով փոխում է քո այդ պատկերացումը և ցույց տալիս, որ իրականում դու երբեք կիսատ չես եղել։ Իմ հատվածի միջոցով ցանկանում եմ, որ մարդիկ երգը լսելիս հասկանան՝ իրենք երբեք կիսատ չեն եղել։ Մենք մեր բոլոր կողմերով, պատմություններով և զգացողություններով ամբողջական ենք։ Իսկ մարդիկ, ովքեր գալիս են մեր կյանք՝ իբրև թե մեզ լրացնելու, իրականում գալիս են մեր կյանքը մեզ հետ կիսելու, մեզ հետ ճանապարհ անցնելու։ Նույնը մենք ենք անում նրանց կյանքում։ Տեքստը մի քանի անգամ լսելուց և դրա մասին մտածելուց հետո հասկացա, թե որքան եմ այն սիրում և գնահատում։ Ամեն մի փոքր բառ իր տեղում է։ Ամեն ինչ մտածված է, և ինձ թվում է՝ այդ տեքստում ոչ մի բառ կամ ստորակետ պատահական չէ»։

yellowheart.-ը առանձնացնում է նաև իր և Միշոյի հատվածների հակադրությունը՝ նշելով, որ տարբեր տրամադրությունները վերջում ամբողջացնում են երգի պատմությունը։

«Այդ հակադրությունն ինձ համար շատ հետաքրքիր է։ Երկուսս էլ երգը գրելիս ներս ենք նայել, բայց որքան էլ այն ներքին ապրումների մասին է, վստահ եմ՝ երգը բոլորիս պատմության մասին է։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս մեզ կգտնենք այդ տողերի մեջ։ Միշոյի և իմ հատվածների հակադրությունը շատ ուժեղ է։ Ներսի քաոսի մասին տողերը շատ լավ լրացնում են միմյանց։ Ինչպես երգի անվանումն է՝ «Կ/ԵՍ», նույն գաղափարը կա նաև երգի կառուցվածքում․ երգն էլ կարծես բաժանված լինի 2 կեսի, 2 շատ տարբեր պատմություն ունենա, որոնք տպավորություն է, թե իրարից շատ հեռու են, բայց իրականում մեկն առանց մյուսի չի կարող լինել»։

Հեղինակ՝ Թամարա Քալանթարյան