Մարտահրավեր iPhone4-ին. Motorola-ն վերադառնում է
Apple-ի և Google-ի մրցակցությունը սմարթֆոնների շուկայում սրվել է ընկերությունների կողմից նոր մոդելների թողարկմամբ: Հունիսի 24-ին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և Ճապոնիայում սկսվել է Apple-ի նոր` iPhone4 սմարթֆոնների վաճառքը, իսկ սեպտեմբերի վերջին արդեն այն հասանելի կլինի աշխարհի շուրջ 88 երկրում: Միաժամանակ, հունիսի 23-ին Google-ն իր գործընկերներ Motorola-ի և Verizon Wireless-ի հետ համատեղ Android հարթակի հիման վրա ներկայացրել է Droid սմարթֆոնը:
Droid-ի նախնական տարբերակը iPhone-ին նկատելի մրցակցություն էր ապահովել` հիմնականում Verizon օպերատորի ագրեսիվ մարկետինգային արշավի շնորհիվ: Նոր մոդելն առանձնանում է կատարելագործված ստեղնաշարով և ավելի հզոր պրոցեսորով:
Motorola-ն, իր հերթին, Android-ի ոլորտում զարգացնում է համագործակցությունը բջջային հեռախոսների խոշոր արտադրող թայվանական HTC ընկերության հետ: Motorola-ն ծրագրում է թողարկել Droid X սմարթֆոն, որը հիշեցնում է HTC Evo-ի հայտնի մոդելը:
Երեք տարի առաջ Motorola-ն բջջային հեռախոսների արտադրության ոլորտում 2-րդ առաջատարն էր, մինչդեռ ամերիկյան iSuppli խորհրդատվական ընկերության փորձագետների կարծիքով` այժմ մրցակիցներն ընկերությանը 8-րդ տեղ են մղել: 2010թ. I եռամսյակում Motorola-ի մատակարարումներն անցյալ տարվա համեմատ կրճատվել են 41%-ով` մինչև 8,5 մլն: Սակայն սմարթֆոնների արտադրությունը Motorola-ին հնարավորություն կտա այս տարի մոտ 13 մլն հեռախոս մատակարարել:
Verizon-ը նպատակ ունի Motorola-ի և HTC-ի հետ համագործակցության շնորհիվ դիմակայել AT&T-ի մրցակցությանը: Ներկայում AT&T-ն ԱՄՆ-ում Apple-ի հետ ունի iPhone-ին աջակցելու բացառիկ պայմանագիր: iPhone4-ի նախնական պատվերների ընդունման օրվանից մինչ օրս շուրջ 600 հազ. հայտ է ստացվել, որի արդյունքում հայտերի ընդունման համակարգչային ծրագիրը խափանվել է:
Բջջային հեռախոսների համար Android հարթակն ի սկզբանե մշակվել է համանուն ընկերության կողմից և 2005թ. ձեռք բերվել Google-ի կողմից: Այժմ այն համագործակցում է Open Handset Alliance-ի հետ, որի անդամ է նաև Google-ը: 2010 տարեսկզբին Google-ն Android հարթակի վրա թողարկել է սեփական Nexus One սմարթֆոնը, որը հասանելի է մի շարք օպերատորների ցանցերում, այդ թվում` AT&T-ի և T- Mobile-ի:










