Ռուսաստանում կայքերը կփակվեն առանց դատարանի որոշման

10:24 • 26.06.10

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ցանկանում է դատախազությանը լիազորություններ շնորհել, որոնք թույլ կտան առանց դատարանի որոշման փակել ինտերնետային կայքերը։ Դաշնային ծառայությունն արդեն առաջարկել է համապատասխան փոփոխություններ մտցնել տեղեկատվության պաշտպանության մասին օրենսդրությունում։

Ըստ փոփոխությունների՝ դատախազության գրավոր պահանջով պրովայդերներին կարող են պարտադրել երեք օրվա ընթացքում փակել ծայրահեղական կայքերը, ինչպես նաև կես տարվա ընթացքում պահպանել օգտատերերի ու նրանց մատուցված ծառայությունների մասին բոլոր տեղեկությունները, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի տեղեկատվությունն անմիջապես տրամադրել ուժային կառույցներին։

Բացի այդ, իրավապաշտպան մարմինների «հիմնավորված նամակով» պրովայդերները պետք է ընդհատեն դոմենների գործունեությունն անգամ այն դեպքում, եթե կա դատարանի որոշում, որը կայքը ճանաչում է ոչ ծայրահեղական։

Ռուսական «Վեդոմոստին» գրում է, որ շատ ընկերություններ արդեն համագործակցում են իրավապաշտպան մարմինների հետ՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ տեղեկատվությունը։

Ընդ որում, ըստ Ռուսաստանի «Կապի մասին» գործող օրենքի, ուժային կառույցներն արդեն հիմա կարող են պարտադրել կապի օպերատորներին դադարեցնել յուրաքանյուր ռեսուրսի աշխատանքը, եթե այն սպառնում է ազգային անվտանգությանը։ Այս մասին տեղեկացնում է «Կապիտալ» օրաթերթը։
 

Ռուսաստանում կայքերը կփակվեն առանց դատարանի որոշման