Մայքլ Ջեքսոնի որդին հոր «հիվանդությունից» ունի. գնալով սպիտակում է
Փոփ թագավորի ավագ որդին, ինչպես և իր հայրը, մաշկի խիստ հազվադեպ հանդիպող հիվանդություն ունի։ Պապարացին լուսանկարել է 13–ամյա Փրինս Մայքլ Ջոզեֆ Ջեքսոն կրտսերին Հավայան կղզիներում։
Լուսանկարներում տղայի մարմնի վրա պարզ երևում է մեծ սպիտակ բիծ։ Ինչպես գրում է Daily Mail–ը, այդ հիվանդությունը կոչվում է վիտիլիգո կամ պիգմենտացիայի խախտում։
Մայքլ Ջեքսոնը բազմիցս ասել է, որ իր մաշկը սպիտակել է ոչ թե պլաստիկ վիրահատությունների արդյունքում, այլ հազվադեպ հիվանդության հետևանքով։ Այժմ, երբ Փրինս Մայքլի մոտ սկսել են հայտնվել այդ հիվանդության կանխանշանները, աշխարհը կարծես թե սկսում է հավատալ Մայքլին ու նաև նրան, որ Փրինսը Մայքլի որդին է։
Հիշեցնենք, որ լեգենդար Մայքլ Ջեքսոնի որդին ու դուստրը ծնվել են նրա՝ Դեբի Ռոուի հետ ամուսնությունից, իսկ ահա 3–րդ երեխային՝ Փրինս Մայքլ II–ին, լույս աշխարհ է բերել անհայտ սուրոգատ մայրը, երբ Մայքլն արդեն ամուսնալուծվել էր։










