Պատճառը գիտությանն անհայտ է. մուգ մաշկով կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ ավելի քիչ է հանդիպում
Հայաստանում կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության ավելացում է նկատվում, սակայն դա ավելի շատ բացատրվում է հաճախումների և հետազոտությունների թվի աճով։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը ևս մեկ անգամ հայ կանանց հիշեցրեց, որ կրծքագեղձի քաղցկեղից խուսափելու լավագույն միջոցն այն կանխարգելելն է։ «Կրծքագեղձի քաղցկեղը չունի բուժման որևէ միջոց։ Պետք է այն հայտնաբերել բջջային փուլում և կանխարգելել։ Այդ պատճառով յուրաքանչյուր կին տարեկան մեկ անգամ պետք է հետազոտության ենթարկվի։ Տարվա մեջ ձեզ համար ամիս սահմանեք և հաճախեք բժշկի։ Տարին մեկ անգամ հետազոտվելով՝ կինը կարող է մեկ տարի հանգիստ ապրել»,- կոչ արեց մասնագետը։ Ըստ նրա՝ ինչպես քաղցկեղի մյուս տեսակներն, այնպես էլ կրծքագեղձի քաղցկեղը, հնարավոր է բուժել և երկարացնել հիվանդի կյանքը, եթե հիվանդությունը հայտնաբերվի առաջնային փուլում։
Անդրադառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներին՝ Հակոբյանը նշեց, որ առաջինը ժառանգական գործոնն է։ Եթե ընտանիքում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ է եղել, այդ ընտանիքի կանայք 30 տարեկանից սկսած պետք է տարեկան մեկ անգամ անպայման բուժզննում անցնեն։ Քաղցկեղի առաջացման երկրորդ պատճառը երկարատև և խորը սթրեսներն են, որոնցից հայ կանայք զերծ չեն։ Աղտոտված օդն ու էկոլոգիապես ոչ մաքուր սննդամթերքը նույնպես նպաստում են այս հիվանդության առաջացմանը։ Կրծքագեղձի քաղցկեղից հնարավորինս զերծ մնալու համար մասնագետները կանանց խորհուրդ են տալիս չծխել, ալկոհոլ քիչ օգտագործել, չգիրանալ, մարմնամարզությամբ զբաղվել։ Ըստ մասնագետի՝ մուգ մաշկ ունեցող կանանց մոտ ավելի քիչ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ։ Այդ գաղտնիքը բժշկությունը դեռ չի կարողացել բացահայտել։
Մամոգրաֆիայի կենտրոնում հիմնադրման օրվանից՝ 1997-ից, հետազոտվել է 196 հազ. կին։ Նրանցից 5921-ի մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ, որոնց գերակշիռ մասը՝ ուշացած փուլում։ Այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել նաև 0-29 տարեկան 48 աղջիկների մոտ։ Տասներեք տարիների ընթացքում կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել նաև կենտրոն դիմած տղամարդկանցից 11-ի մոտ, որոնցից 4-ը մահացել են։
Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ իր ղեկավարած բուժհիմնարկում հետազոտություններն իրականացվում են նորագույն բուժսարքավորումների միջոցով, և մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ ճառագայթման վտանգն էլ ավելի փոքր է։ Մամոգրաֆիկ հետազոտության արժեքը, որի մեջ մտնում է նաև սոնոգրաֆիկ հետազոտությունը, ընդամենը 11 հազ. դրամ է։ Միայն սոնոգրաֆիկ հետազոտությունն արժե 6000 դրամ։ «35 տարեկանից սկսած կանայք պետք է պարտադիր մամոգրաֆիկ հետազոտության ենթարկվեն։ Ես չեմ կարծում, որ մեր կանայք տարեկան 11 հազ. դրամ չեն կարող հատկացնել իրենց առողջությանը»,- նշեց նա։










