Թունաքիմիկատների գերեզմանոցը դեռ վտանգ է ներկայացնում. Բնապահպան

14:57 • 08.07.10

Թեև Էրեբունի վարչական շրջանում գտնվող թունաքիմիկատների գերեզմանոցում կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվել, սակայն գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում և վտանգավոր է շրջական միջավայրի համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փոխտնօրեն Լիլիկ Սիմոնյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է շատ արագ տեղափոխել և ոչնչացնել թունաքիմիկատների գերեզմանոցի պարունակությունը։ Այս փուլում միջազգային մասնագետների հետ կառավարությունը քննարկում է թունաքիմիկատների ոչնչացման տարբերակներ։

«Վարչապետն ասաց՝ ձեզ էլ կընդգրկենք ստեղծվելիք հանձնաժողովում։ Մենք մտահոգված ենք և մտածում ենք, որ թունաքիմիկատները պետք է երկրից դուրս ոչնչացվեն, քանի որ չկան այդպիսի սարքավորումներ, որոնք թունաքիմիկատները տեղում այրելով՝ չվնասեն շրջակա միջավայրը։ Բացի այդ, թունաքիմիկատների այրման գործընթացից գոյանում են տոքսիկ և վտանգավոր նյութեր»,- իր մտահոգությունները հայտնեց բնապահպանը՝ նշելով, որ իրենք այդ հարցի շուրջ առաջարկներով հանդես կգան։

Ըստ Սիմոնյանի՝ գերեզմանոցն իր նախնական դիրքից սողանքի հետևանքով շարժվել է 1,5 մետր։ Պետք է նոր հետազոտություններ իրականացնել՝ պարզելու, արդյո՞ք թունաքիմիկատները չեն աղտոտում շրջակա տարածքի հողերը։ Նշենք, որ գերեզմանոցից ոչ շատ հեռու Կոտայքի մարզի մի քանի գյուղական բնակավայրերն են։

Բնապահպանը նաև ահազանգեց, որ Հայաստանում այլ թունաքիմիկատների գերեզմանոցներ և պահեստներ էլ կան, որոնց պարունակությունը պետք է անպայման ոչնչացվի։

Թունաքիմիկատների գերեզմանոցը դեռ վտանգ է ներկայացնում. Բնապահպան