«Կանաչները» պահանջում են խստացնել վերահսկողությունը նավթարդյունահանողների նկատմամբ

09:58 • 08.07.10

Եվրախորհրդարանի «կանաչների» խմբավորումը պահանջել է նավթարդյունահանողների նկատմամբ վերահսկողության նորմերի խստացում: Բանավեճի առիթ է դարձել Մեքսիկական ծոցի նավթային աղետը: Էկոլոգիայի պահպանման կողմնակիցներն առաջարկում են «անմիջապես» փոխել միջազգային և եվրոպական իրավունքի նորմերը:

Սա նվազագույն պահանջն է, իսկ առավելագույնը` դադարեցնել ծովային նավթարդյունահանման նոր արտոնագրերի տրամադրումը: Թեև բոլորը չէ, որ կողմ են նմանատիպ գաղափարների: Նրանք, ովքեր դեմ են, հույս ունեն, որ նավթագործները բարեխիղճ կգտնվեն:

Ըստ Եվրահանձնաժողովի տվյալների` միայն Հյուսիսային ծովում տեղակայված է 400 նավթարդյունահանող հորատման հարթակ: Ընդ որում` դրանք, ընդհանուր առմամբ, 17 տարվա շահագործման են: «Քանի դեռ անվտանգության երաշխիքներ չկան, նոր նավթահորերի հորատման մարատորիում պետք է մտցվի»,- նշում են «կանաչները»:

«Եթե իրենք` նավթային ընկերությունները, իրենց հորատման աշտարակների «դրությունը» ծայրահեղ են գնահատում, ապա կարիք չկա հավատալ այն հայտարարություններին, թե ծովային նավթարդյունահանումը Եվրոպայի համար վտանգ չի ներկայացնում»,- նշում է ամերիկյան Food&Water Watch էկոլոգիական կազմակերպության աշխատակցուհի Գաբրիելա Ցանցանիանեն: Նրա կարծիքով` խոսքն այստեղ նույն նավթային կոնցեռնների մասին է, որոնք աշխատում են Մեքսիկական ծոցում և «բախվում ծովային հորտման նույն խնդիրներին»:

Մինչդեռ Եվրամիության` էներգետիկայի հարցերով կոմիսար Գուտներ Էտինգերն առաջարկում է հույսը դնել հենց նավթագործների բարեխղճության վրա: Նրա խոսքով` կոնկրետ ընկերության փորձից և ցանկությունից շատ բան Է կախված: Այս առումով ոչ մի կարգավորում չի կարող երաշխավորել լիարժեք անվտանգություն:

Ինչպես գրում է «Կապիտալ» օրաթերթը, «կանաչների» գլխավոր պահանջը կապված է նավթագործների կողմից անվտանգության օրենքների խախտման հետ: Եթե նոր հանքավայրերի ուսումնասիրության համար ընկերությունները ծախսում են €39 մլրդ, ապա անվտանգության խնդիրների ուսումնասիրման համար` 1950 անգամ ավելի քիչ: Ըստ բնապահպանների տվյալների` վերջին դեպքում խոսքը միայն $20 մլն-ի մասին է:

 

«Կանաչները» պահանջում են խստացնել վերահսկողությունը նավթարդյունահանողների նկատմամբ