Ավանդական թանն ու կանաչ թեյը կթեթևացնեն երևանյան տապը
Շոգ օրերին մարդու օրգանիզմի վրա առավել վտանգավոր ազդեցություն է ունենում երկու գործոն։ ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանի խոսքով՝ դա ջերմային գործոնն է և ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը։
«Պետք չէ մոռանալ, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև ազդեցությունն և մեծ չափաբաժինը բերում են հիվանդագին պրոցեսների, որոնք են արևահարությունները, ալերգիան, կոնյուկտիվիտը», – այսօրվա ասուլիսին ասաց նա։
Իսկ ջերմային գործոնը բերում է առատ քթարտադրությանը։ Արդյունքում, ըստ մասնագետի, արյունը խտանում է, առաջանում է հիպոքսիա, ինչը բերում է տարբեր հիվանդագին գործընթացների։
Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար Թորոսյանը խորհուրդ տվեց դուրս չգալ տնից շոգ ժամերին՝ 12–19–ը։ «Իսկ եթե դուրս եք գալիս, ապա քայլեք ստվերոտ վայրերում, կրեք բնական հումքից կարած բաց երանգների հագուստ, անպայման արևային ակնոց, գլխարկ», – պարզաբանեց նա։
Մասնագետը նաև խորհուրդ տվեց խմել մեծ քանակությամբ հեղուկ՝ մոտ երեք լիտր։ «Ամենատարածված և էժան միջոցը սովորական ջուրն է, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է», – ասաց նա։
Բացի դրանից մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցություն ունեն թեյերը և ավանդական թանը։ «Չորս բաժակ կանաչ թեյի ընդունումը մաշկին կօգնեն պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից», – ասաց նա՝ հավելելով, որ օգտակար են նաև հյութերը և նեկտարները։
Խոսելով այն մասին, թե ինչ չպետք է անել այս շոգ օրերին, Թորոսյանն ասաց. «Չպետք է չարաշահել կոֆեինով հարուստ հյութերը, ալկոհոլը», – նշեց նա։
Մասնագետը խորհուրդ տվեց շատ լավ լվանալ միրգը և բանջարեղենը, պատահական վայրերից մթերք չգնել, ստուգել սննդամթերքի ժամկետը։
Թորոսյանն անդրադարձավ նաև փակ տարածքների օդափոխության և օդափոխիչների խնդրին։
«Օդափոխիչ սարքերը պետք է տեղադրվեն այնպիսի վայրերում, որ այդ սառը օդը անմիջապես չփչի մարդկանց վրա։ Հակառակ դեպքում այդ սարքերը կարող են հիմք հանդիսանալ տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ անգինայի, նաև թոքաբորբի համար», – եզրափակեց նա։










