Ադրբեջանցիները Տիգրանակերտում աղվանների հետքեր են տեսնում
Ադրբեջանի գիտությունների ակադեմիան երկու որոշում է ընդունել Արցախի Տիգրանակերտի վերաբերյալ։ Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, այդ որոշումները տեղադրված են Ադրբեջանի ազգային անվտանգության կայքում։
«Դրանցում հատուկ նշվում է, որ դա իրականում Տիգրանակերտը չէ, իբր հայ հետազոտողները ստում են, իբր ադրբեջանցի հետազոտողները ժամանակին հավաստել են, որ այնտեղ աղվանական և ադրբեջանական հնություններից բացի այլ հնություն չի կարող լինել, իբր հայերն այնտեղ հայտնվել են 19–րդ դարում», – ասաց նա։
Պետրոսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմն իր վերջին հոդվածներից մեկում գրել է, թե այդ քաղաքը Տիգրանակերտը չէ, իսկ ավելի ուշ տպագրած հոդվածում նրանք հաստատել են, որ դա Տիգրանակերտն է, սակայն քաղաքի հետ օգտագործում են «աղվանական» բառը՝ Աղվանական Տիգրանակերտ։










