Վուվուզելաների ձայնի բարձրությունը կարելի է համեմատել ռեակտիվ ինքնաթիռի ձայնի հետ

15:03 • 10.07.10

Վուվուզելաները (աֆրիկյան երաժշտական գործիք), որոնք երկրպագուները փչում են ֆուտբոլային խաղերի ընթացքում և որոնցից այդքան դժգոհում են ՀԱՀ–ի աշխարհի առաջնությանը հետևող հեռուստադիտողները, վնասակար են մարդու օրգանիզմի համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց «Արևորդի» բնապահպանական կազմակերպության աշխատակից Թամարա Գալստյանը։

«Այժմ հետազոտություններ են կատարվում դրանց վնասակարությունը հանդիսականների վրա պարզելու համար։ Պարզվում է, որ այդ սարքերը տարածում են մանրէներ. սարքերի ներսում ոչ մի ֆիլտր չկա, չէ՞ որ հազարավոր մարդիկ միաժամանակ փչում են, և օդակաթիլային ճանապարհով ինֆեկցիաներն արագ տարածվում են։ Բացի դրանից, աղմուկի բարձրությունն այդ սարքի բերանի երկու մետր շառավիղով կազմում է 110 դեցիբել», – ասաց նա։ Միաժամանակ, Գալստյանը նշեց, որ նույն բարձրության աղմուկ հանում է ռեակտիվ ինքնաթիռը։

«Մարդուն օրվա ընթացքում թույլատրվում է 15 րոպեի ընթացքում լսել ձայն, որի բարձրությունը կազմում է 100 դեցիբել։ Այս չափը չի վնասում մարդու լսողական օրգանները, բայց պատկերացրեք, որ մարդն ամբողջ խաղի ընթացքում գտնվում է այդ բարձրության աղմուկի տակ…», – ասաց նա։

Գալստյանը տեղեկացրեց, որ ՖԻՖԱ–ն որոշում է կայացրել հետագայում արգելել խաղերի ժամանակ օգտագործել ամեն տեսակի փչովի գործիք։

Վուվուզելաների ձայնի բարձրությունը կարելի է համեմատել ռեակտիվ ինքնաթիռի ձայնի հետ