Սադոյանը կանխատեսում է նոր քաղաքական ուժի ձևավորում վիրտուալ աշխարհում
«Աշխարհում տեղի է ունենում մեծ արմատական փոփոխություն՝ ինֆորմացիոն տեխնոլոգիական հեղափոխություն։ Առաջիկայում՝ մինչև գալիք խորհրդարանական ընտրություններն ընկած ժամանակահատվածում, ավելի լուրջ սպասումներ կան, այսպես կոչված, կիսավիրտուալ աշխարհից»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկմամբ հանդես եկավ ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը։
Ըստ նրա կանխատեսումների՝ ինֆորմացիոն տեխնոլոգիական, ինչպես նաև աշխարհի հայության ճնշումները Հայաստանի ընտրողների վրա հաջորդ ընտրությունների ելքի վրա էական ազդեցություն կունենան. «Նոր քաղաքական ուժերի ի հայտ գալը բավական ակնհայտ է»։
Ձևավորվելիք ուժի ներկայացուցիչները, Սադոյանի կանխատեսումներով, կլինեն երիտասարդներ։ Նա նաև լրագրողներին կոչով դիմեց. «Հարգելի երիտասարդ լրագրողներ, մասնակցեք քաղաքական դաշտում սպասվելիք փոփոխություններին, դուք քիչ թե շատ տիրապետում եք էդ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին»։
Հաջորդ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, Սադոյանի խոսքով, դաշինքներ կձևավորվեն, սակայն «Հիմնական խնդիրը լինելու է ոչ հների միջև այս կամ այն կոմբինացիայի կամ դաշինքի ստեղծումը, այլ նոր մոտեցումների որակական հաղթարշավ է լինելու։ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը դաշինքներ չեն ստեղծի, ինչ-որ իմաստով կմիավորվեն ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն»։
Ապագա խորհրդարանում, ըստ նրա, կլինեն համարյա բոլոր այն ուժերը, որոնցից բաղկացած է այսօրվա ԱԺ-ն՝ «բայց փոքրացված տոկոսադրույքներով»։ Նոր ձևավորված ուժը հազիվ թե մեծամասնություն լինի, բայց, Սադոյանի կարծիքով, լուրջ դերակատարում կունենա խորհրդարանում։
Սադոյանը միայն վախենում է նրանից, որ նոր քաղաքական ուժը չի ունենա գաղափարական միասնություն։
Նա նաև նշեց, որ քաղաքական դաշտում այսօր ճահճային, տաղտուկ վիճակ է։










