Физкультура - лечит, спорт – калечит. Ինչպես կանխարգելել ողնաշարային հիվանդությունները
«Ողնաշարային հիվանդությունները մեծ խումբ են կազմում, սակայն տարբեր տարիքում դրանք տարբերվում են»,– այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ Կարապետ Մոմջյանը՝ ներկայացնելով, թե տարբեր տարիքային խմբերին ողնաշարային որ հիվանդություններն են բնորոշ։
Ըստ նրա, նորածինների մոտ ողնաշարային հիվանդությունները հիմնականում բնածին են։ Այդ շրջանին բնորոշ են բորբոքային հիվանդությունները, որոնք հետագայում դառնում են կոպիտ արատներ։ Նախադպրոցական տարիքին բնորոշ են ծռումները, ձևափոխումները, իսկ դպրոցական հասակից սկսվում է ողնաշարային դեֆորմացիան, որը, ըստ մասնագետի, ոչ թե դպրոցական նստարաններին սխալ նստելու կամ ծանր պայուսակ կրելու հետևանք են, այլ իրականում «ես միշտ ասում եմ, որ նման երեխաները ծնվում են ծռվելու համար։ Նման երեխաները ծնվում են ծռվելու հակումով»։ Մոմջյանի խոսքով, 14–15 տարեկանում սկսում են երևալ դեգեներատիվ հիվանդությունները՝ ողնաշարի ողերի, դիսկերի, նրանց հոդերի տձևացումը, որոնք հետագում բերում են հոդացավերի, դիսկերի տեղաշարժման, ինչպես նաև նյարդաբանական համակարգի խանգարումների։
«Դեգեներատիվ հիվանդությունների մեծ մասը բաժին է ընկնում 40 տարեկաններից բարձրերին»,– ասաց բժշկական կենտրոնի ներակայացուցիչը՝ պարզաբանելով, որ դա ծանրաբեռնվածության հետևանք է։ Ըստ նրա, դիսկերի խախտման դեպքերը հիմնականում առաջանում են գոտկատեղի և պարանոցի շրջանում, քանի որ դրանք ամենաշարժուն մասերն են։ Նա ընդգծեց, որ 40 տարեկանից են հիմնականում սկսվում ողնաշարային խնդիրները։ Tert.am–ի լրագրողի այն հարցին, թե ընդհանուր հիվանդությունների մեջ ողնաշարային հիվանդություններն ի՞նչ քանակ են կազմում, Կարապետ Մոմջյանը պատասխանեց. «15–20 տոկոս մշտական հիվանդներ ունենք»։
Ե՛վ Կարապետ Մոմջյանը, և՛ հեքիմ Զալիբեկ Մարտիրոսյանը, որը նույնպես մասնակցում էր ասուլիսին, ողնաշարային հիվանդությունները կանխարգելելու համար խորհուրդ տվեցին նստած, անշարժ վիճակից անցնել ավելի ակտիվ կյանքի, սահմանափակել աշխատանքի ծանրաբեռնվածությունը, գնալ շեյփինգի, լողի, մարմնամարզության։ Երկու մասնագետներն էլ շատ կարևորեցին օրվա մեջ 3–5 րոպե նախավարժանքով զբաղվելը։
«Физкультура - лечит, спорт - калечит»,- արտահայտությունը մեջբերեց Կարապետ Մոմջյանը՝ նկատելով, թե հաճախ սպորտով զբաղվող երեխաները պարապմունքներն սկսում են առանց նախավարժանքի, ինչի հետևանքով էլ առաջանում են ողնաշարային հիվանդություններ։










